Փակ շուկայի մոտ եւ Կոմիտասի պողոտայում տեղի ունեցող բողոքներն արդարացի են: Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, լրագրողներին նման կարծիք է հայտնել Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը: Ըստ նրա՝ կարելի է հասկանալ Կոմիտասի պողոտա 5 հասցեի բնակիչների բողոքը, որոնք չեն ցանկանում, որպեսզի նոր շենքը իրենց համար փակի արեւի լույսը: «Իհարկե, Երեւանում շինարարությունը կատարվում է գլխավոր հատակագծին համապատասխան: Չի կարելի ասել, որ կառուցապատողը բոլոր դեպքերում անում է իր ուզածը: Սակայն եթե բնակիչները տեսնում են, որ շինարարությունն իրենց բացահայտ անհարմարություն է պատճառում, նրանց բողոքն արդարացի է: Վատ է, երբ այն տեսանելի արդյունք չի տալիս», – ասել է ճարտարապետը:
Դժբախտաբար, հավելել է նա, բնակչությունն այնպիսի պայմաններում է, որ առօրյա խնդիրները ստիպում են մոռանալ հուշարձանների մասին: «Փակ շուկայի մոտ բողոքող ակտիվիստների դեմ ելույթ ունեցողներն այդպիսի մարդիկ են: Նրանք ասում են՝ ինչ լավ է, որ մենք ազատվեցինք «կռիսանոցից»: Սակայն մարդիկ չեն բողոքում հուշարձանի դեմ, այլ, ըստ իրենց, պաշտպանում են իրենց մի կտոր հացը: Շատ բարդ իրավիճակ է», – նշել է Մինասյանը:





























