Պետք է մարդկանց գիտակցության մեջ արթնացնել 1988թ շարժման վստահությունը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 10-ին, լրագրողներին է հայտնել ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը: «Հասարակությունը պետք է հաղթահարի կուսակցական տարաձայնությունները եւ միավորվի: Միայն այդ կերպ կկարողանանք լուծել երկրի առաջ ծառացած խնդիրները»,-հավելել է նա: Նրա կարծիքով՝ ղարաբաղյան ազատամարտիկները հասարակությունում բավականին մեծ հեղինակություն ունեն՝ միավորելու բոլոր քաղաքական ուժերը կամ գոնե դրանց մեծ մասը: Դրա համար էլ ազատամարտիկները եւ բոլոր նրանք, ովքեր մտահոգ են երկրի ճակատագրով, պետք է իրենց խոսքն ասեն: «Պետք է հավաքվենք Ազատության հրապարակում եւ վերածնենք 1988թ ոգին: Իրավիճակ, երբ մարդիկ արմատական փոփոխություններ կպահանջեն: Չփոխելով Սերժ Սարգսյանի ռեժիմը՝ նրան փոխարինելու կգան Հովիկ Աբրահամյանը կամ Լիսկան: Դրանից ոչինչ չի փոխվի: Ինստիտուցիոնալ փոփոխություններ են պետք: Ցանկանում ենք 1-1.5 ամսում միավորել հասարակությանը»,-ասել է Սարգսյանը:

Պետք չէ մտածել, որ ազատամարտիկները ինչ-որ բան իրենց համար են պահանջում. «Կան մարդիկ, որոնց ինչ-որ բան են խոստացել եւ նրանք ենթարկվել են դրան: Սակայն ամենայն պատասխանատվությամբ եմ ասում, որ նա, ով պաշտպանել է իր հայրենիքը, ոչինչ չի խնդրի այն մարդկանցից, ովքեր թալանի միջոցով հարստություն են կուտակել: Ի՞նչ կտան նրանք մեզ: Այն, ինչ կխլեն թոշակառուներից կամ ուսուցիչների՞ց: Մեզ դա պետք չէ: Մենք ցանկանում ենք արժանապատիվ երկրում ապրել»:

Ընդդիմադրի խոսքով՝ արդեն նախնական քննարկումներ են անցկացվել ՀԱԿ-ի եւ «Հանրապետություն» կուսակցության հետ: Այնուամենայնիվ, ազատամարտիկները պատրաստ են համագործակցել ցանկացած կուսակցության հետ: «Դա կարող է լինել նաեւ ՀՀԿ-ն, այնտեղ էլ պակաս արժանապատիվ մարդիկ չկան: Ժամանակն է դադարել կուսակցական ճամբարների բաժանվել»,-եզրափակել է Սարգսյանը: