«Human Rights Watch»-ն անհրաժեշտ է համարում անհապաղ եւ մանրամասնորեն հետաքննել ու պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին, որոնք կապված են բռնություն իրականացնելու եւ վատ վերաբերմունք ցուցաբերելու հետ, ասվում է կազմակերպության նամակում՝ հասցեագրված Հայաստանի ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանին՝ կապված ARMENIA Today տեղեկատվական-վերլուծական գործակալության համակարգող Արգիշտի Կիվիրյանին ծեծի ենթարկելու հետ:
Նամակում անհանգստություն է արտահայտվում ցուցարարին ծեծի ենթարկելու առնչությամբ, որին ձերբակալել էին 2013թ օգոստոսի 24-ին՝ Երեւանում խաղաղ հանրահավաքի ժամանակ: «Մենք ցանկանում ենք տեղեկություններ ստանալ այն քայլերի մասին, որոնք ձեռնարկվում են մեղադրանքները հետաքննելու ուղղությամբ»,-ասվում է նամակում:
Օգոստոսի 24-ին բարձրահարկ շինության շինարարության դեմ անցկացվող հանրահավաքից բերման ենթարկված 36-ամյա Արգիշտի Կիվիրյանը «Human Rights Watch» կազմակերպությանը պատմել է, որ ոստիկանական բաժանմունք ուղեւորվելիս նա ճանապարհին ծեծի է ենթարկվել: Կիվիրյանի խոսքով՝ նրան ստիպել են մեջքի վրա պառկել, ոստիկաններից մեկը սեղմել է գլուխը, մյուսը՝ հարվածներ է հասցրել:
Նամակում, որում վկայակոչում են Կիվիրյանի փաստաբան Լուսինե Սահակյանին, նշվում է, որ սկզբում ոստիկանությունը Կիվիրյանին հիվանդանոց չէր թողում՝ որակավորված բուժօգնություն ստանալու, դրանից հետո, երբ նա բողոք է ներկայացրել ՀՔԾ, հետաքննությունն իրականացվել է միջադեպից 4 օր անց եւ մինչ այդ Կիվիրյանի շատ քերծվածքներ արդեն ապաքինվել էին:
Փաստաբանը նաեւ ընդգծել է, որ ՀՔԾ-ն, փոխանակ ոստիկանների վարքն ուսումնասիրելու՝ քրգործ է հարուցել իր պաշտպանյալի նկատմամբ՝ նրան մեղադրելով օրենքի ներկայացուցչի հանդեպ ուժ կիրառելու մեջ:
Հայաստանը ստորագրել է ինչպես մարդու իրավունքների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիան, այնպես էլ քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների մասին միջազգային փաթեթը: Հայաստանն իր վրա է վերցրել կարեւորագույն պատասխանատվություն՝ հարգելու հավաքների եւ խոսքի ազատության իրավունքը, ինչպես նաեւ զերծ մնալ ցանկացած իրավիճակում ցուցարարների հանդեպ ուժ կիրառելուց: Բացի այդ, իշխանությունները պարտավոր են ուսումնասիրել եւ կանխել բռնության ցանկացած դեպքերը:
Հաշվի առնելով մեղադրանքները, որոնք վկայում են դաժան վերաբերմունքի եւ Հայաստանի կողմից իր վրա վերցրած պարտականությունների մասին, «Human Rights Watch»-ը կարծում է, որ պետք է անհապաղ եւ մանրամասնորեն հետաքննություն իրականացնել եւ պատասխանատվության ենթարկել այն անձանց, որոնք մեղավոր են բռնության կամ վատ վերաբերմունք ցուցաբերելու մեջ, ասվում է նամակում, որը ստորագրել է Հյու Ուիլյամսը՝ «Human Rights Watch»-ի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով բաժնի ղեկավարը:





























