Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղում կրկին պայթել են Արգիճի փոքր ՀԷԿ-ի խողովակները: Պայթյունի հետեւանքով ոչնչացել է գարու ողջ բերքը: Այս մասին «ԷկոԼուրին» ահազանգել են գյուղի բնակիչները:
Առաջին անգամ խողովակները պայթել են հուլիսի 18-ին, որի հետեւանքով ջուրը տարել էր կարտոֆիլի ողջ բերքը: «Այս ՓՀԷԿ-ը դամոկլյան սրի պես կախված է մեր գլխավերեւում: Նրանք, ովքեր դեռ չեն լքել Հայաստանը եւ ուզում էին աշխատել իրենց հողի վրա, արդեն հավաքում են ճամպրուկները, որպեսզի հեռանան...Ինչ-որ մեկը որոշեց ու փոխեց գետի հունը, տեղադրեց անորակ խողովակներ, ողողեց դաշտերը...Իսկ դա խեղճ քրիստոնյաների միակ եկամուտն էր, որը մնաց ջրի տակ...Եվ ոչ-ոք չարձագանքեց` ոչ կառավարությունը, ոչ ընկերությունը, ոչ տեղական ինքնակառավարման մարմինները, չնայած որ այս ՓՀԷԿ-ը կարծես մեր գլխավերեւում տեղադրված ռումբ լինի...»-գրում են բնակիչները:
Հիշեցնենք, որ Արգիճի փոքր ՀԷԿ-ը շահագործում է «Հիդրոկորպորացիա» ՍՊԸ-ն:
Արգիճի փոքր ՀէԿ-ը շատ հարցեր եւ դիտողություններ է առաջացնում պատասխանատու կառույցների նկատմամբ, որոնք մոտ ժամանակներս ԷկոԼուրը կներկայացնի ՀՀ բնապահպանության նախարարությանը, ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը եւ ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությանը:





























