2013 թվականի սեպտեմբերին 2001 թվականից Հայաստանի սկսած իրական եվրաինտեգրման գործընթացը դե ֆակտո կանգնեցվեց կամ առնվազն լրջորեն հետ շպրտվեց: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը:
Նա իր խոսքում, մասնավորապես, ասել է.
«Այո՛, 2001 թվականին ՀՀ անդամակցեց Եվրոպական Խորհրդին եւ ստանձնեց իր օրենսդրական դաշտը եվրոպականացնելու պարտավորություն: 2004 թվականից, միանալով Եվրոպական Նոր Հարեւանության ծրագրին, Հայաստանը պարտավորվեց պետական ինստիտուտների եվրոպականցման գործընթացը խորացնել, իսկ 2008 թվականից, միանալով Արեւելյան Գործընկերության ծրագրին, գնում էինք Ասոցացման եւ մեր տնտեսական ինստիտուտների արդիականացմանը՝ դառնալու համար 700 միլիոն բնակչություն ունեցող, որակական չափանիշներով ամենագրավիչ եւ ապահով շուկայի մաս:
Իսկ ինչ տեղի ունեցավ սեպտեմբերի 3-ին: Հայաստանը փաստորեն հայտարարեց, որ անցած տասնամյակի ուղին ճիշտ չէր: Այն ամենը, ինչի մասին այդքան երկար խոսել ենք, ինչի ուղղությամբ տարբեր գերատեսչություններ լավ կամ վատ, բայց աշխատել են, սխալ էր: Մինչդեռ ոչ ոք չի կարող ասել, որ արդյունքներ չունեինք: Շատ ունեինք: 2 տարի տեսնում էինք, որ ոստիկանությունը փոխվում է. դանդաղ, դժվարությամբ, բայց փոխվում է, իսկ սեպտեմբերի 3-ից հետո ունենք նորից հին ոճով ծեծեր: Տեսնում էինք, որ երբ կա համատեղ պահանջ մեր քաղաքացիների կողմից, ապա մեծ ջանքերի շնորհիվ, բայց, այնուամենայնիվ, պահանջի ձայնը լսելի էր դառնում: Իսկ հիմա կրկին նկատվում է, որ զրպարտումները եւ ճնշումները սկսվում են: Ու այսպես շարունակ: Դժվար չի կանխատեսել, որ վերջին տարիներին մեր երկրի թերեւս ամենամեծ ձեռքբերումը, բավականին լայն բացված մամուլը, եւս երկար այսպես չի մնա:
Շատերն են ասում, թե Մաքսային միությանը միանալը զուտ տնտեսական դաշտում է եւ կապ չունի ու չի ունենա հասարակական-քաղաքական կյանքի ու բարեփոխումների հետ: Չեմ հավատում դրան: Անհնար է, որ չունենա: Դեռ չանդամագրված ունենք: Էլ ուր մնաց դրանից հետո չլինի:
Ես դեմ չեմ անվտանգությանը, շատ լավ հասկանում եմ խոսքը ինչի մասին է: Ես դեմ չեմ տնտեսական շահավետությանը, եթե իհարկե ինչ-որ մեկը կարողանա դա հոդաբաշխ ներկայացնել ու ապացուցել: Ես դեմ եմ հետադիմական ու դեպի ճահիճ տանող ճանապարհին: Ցավոք մենք կազմ ու պատրաստ եւ շատ պատրաստակամ արդեն իսկ մտել ենք այդ ճանապարհը: Ու դրանից հեռու մնալու ցանկություններ էլ առանձնապես շատ չի երեւում»:





























