«Dandee Precious Metals Kapan» ընկերությունն ընդդեմ բնապահպան-ակտիվիստ Եղյա Ներսեսյանի դատավարություն, այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ավարտվել է հայցի մասնակի բավարարմամբ: Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը վճռել է Եղյա Ներսեսյանից հօգուտ «Dandee Precious Metals Kapan»ՓԲԸ -ի բռնագանձել 1 ՀՀ դրամ` որպես զրպարտության հետեւանքով պատճառված վնասի փոխհատուցում եւ 1500 ՀՀ դրամ` որպես պետական տուրքի գումար, հաղորդում է «ԷկոԼուր»-ը:
«Եթե ընկերությունը որոշի, որ պետք է բողոքարկել վճիռը, կբողոքարկեն, եթե ոչ, ապա այսքանը…ամեն դեպքում սա նշանակում էր, որ Եղյա Ներսեսյանը սուտ տեղեկություն էր տարածել, եւ սուտ տեղեկությունը դատարանի միջոցով հերքվեց: Այսինքն` իրականում էլեկտրաշոկ չի կիրառվել, դա իրականությանը չի համապատասխանում, իսկ 1 դրամ փոխհատուցումը նշանակում , որ մենք ճիշտ էինք, իսկ նրանք սխալ»,- ասել է ընկերության իրավական խորհրդատու Գեւորգ Հակոբյանը:
Եղյա Ներսեսյանն էլ նշել է. «Դատարանը չի բավարարել նրանց գլխավոր պահանջը, ըստ որի` ես պետք է հրապարակայնորեն ներողություն խնդրեի ընկերությունից»:
Հիշեցնենք, որ «Deno Gold Mining Company», ներկայումս`«Dundee Precious Metals Kapan» ընկերությունը, դատական հայց է ներկայացրել բնապահպան Եղիա Ներսեսյանի դեմ` զրպարտության մեղադրանքով: Ընկերությունը պահանջում է, որպեսզի Եղիա Ներսեսյանը հերքի ԱՄՆ-ում իր ելույթի ժամանակ հնչեցրած հետեւյալ հայտարարություն. «…գիտեք չէ Հայաստանում ոնց են վերաբերվում արտասահմանյան` օրինակ Ղափանում Գոլդ Մայնինգ կա կանադական, գիտեք չէ, էլեկտրաշոկով բանվորներին հոսանքի են տալիս, որ 24 ժամ չքնեն, որ կարողանան աշխատեն: Դա իրականություն է, եկեք, նայեք»:



Լուսանկարները՝ «ԷկոԼուր»-ի





























