Թանկացավ հոսանքը՝ կմեծանա եւ սառնարանի ծախսը, հետեւաբար՝ կթանկանա եւ ձուն: Ձմռանն էլ գնի վրա կազդի թանկացած գազը, որով ջեռուցում են թռչնանոցները: Սակայն ինչո՞ւ պիտի թանկանա հենց ձուն եւ ոչ, ասենք, պաղպաղակը, որը նույնպես սառնարանում է պահվում: Եւ ինչո՞ւ բանջարեղենի կրպակներում նորից կա տնական ձու, որը չեն գնում:
Եւ ինչո՞ւ պիտի ֆաբրիկաները որոշեն գին բարձրացնել ամռան նեղ ժամանակին, երբ ամեն կերպ աշխատում են ապրանքից ազատվել: Փորձենք հասկանալ:
Թիվ մեկ խնդիրը ֆաբրիկաների համար թույլ բրենդն է: Եթե խանութում լոկ մի ֆաբրիկայի ձու լինի, հաճախորդը չի դժգոհի, թե մնացածներն ուր են. ձուն մնում է ձու: Ուրեմն՝ խանութն է որոշում՝ ումից առնել, ումից՝ ոչ: Ի տարբերություն, օրինակ, կոկա-կոլայի, որի առաքիչները, ինչպես պատկերավոր կերպով նկատեց ֆաբրիկաներից մեկի ֆինանսական տնօրենը՝ «ոտքով են խանութների դռները բացում»: Սա հենց դրանից է, որ կոկա-կոլան բրենդային ապրանք է. չունենաս կոլա, կունենաս տարակուսած հաճախորդներ: Հենց սա է բրենդի առավելությունը, որը ֆաբրիկաները չունեն, եւ թանկացնելն իրենց համար մնում է ծայրահեղ միջոց:
Թերեւս ֆաբրիկաները ստիպված կլինեին գին բարձրացնել կերի թանկացման հետեւանքով (ձվի ինքնարժեքում այն մոտ 70%-ն է կազմում): Սակայն Ռուսաստանում եւ Ուկրաինայում եգիպտացորենի բերքը եւ պահուստներն առայժմ 2012 թ. մակարդակից բարձր են: Իսկ ՌԴ գյուղնախարար Նիկոլայ Ֆյոդորովի կանխատեսմամբ, ցորենի արտահանումը 2013-14 գյուղատնտեսական սեզոնում (2013 աշուն - 2014 ամառ) կկազմի մոտ 15 մլն տ, անցյալ տարվա 11 տ համեմատ: Էլ ի՞նչ խնդիր մնաց արտադրողներին:
Քանի որ անցյալ տարի շուկայում կար ձվի ավելցուկ, խանութները լիակատար տիրացան իրավիճակին՝ թելադրելով ամեն պայման: Չվաճառված ապրանքը կարող էին անվճար վերադարձնել՝ նույնիսկ 10-12 օրից, թեեւ պետական ստանդարտով սեղանի ձվի պիտանելիության ժամկետը 25 օր է:
Խնդիրը թերեւս այն է, որ գերարտադրությունից խուսափելու համար ֆաբրիկաները որոշել են կրճատել հավերի գլխաքանակը: Այս կարծիքին է Հայաստանի Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը: Ըստ նրա, այս տարվա գարնանը ֆաբրիկաները չեն համալրել իրենց ածան հոտը մատղաշ սերնդով, որն այժմ պիտի մտներ ձվատվության շրջան: Պրոբլեմն այն է, որ այս ավելցուկ-կրճատում (ասել կուզի՝ «կրակ-սառույց») արատավոր օղակը մի քանի տարին մեկ կրկնվում է: Մի տարին պակասում եւ թանկանում է կերը, եւ ձմռանն ու հաջորդ տարվա գարնանը կրճատում են հավերի գլխաքանակը: Երկրորդ տարին կերը տեղն է, եւ գլխաքանակը սկսում են ավելացնել: Երրորդ տարին էլ ստանում են այնքան ձու, որ շուկան չի «մարսում». առաջանում է 120 – 150 մլն գործարանային եւ առնվազն 40-50 մլն գյուղացիական ձվի ավելցուկ:
Ս. Ստեփանյանի կարծիքով, կառավարությունը կարող է աջակցել արտադրողներին երկու տարբերակով: «Կերի տատանումները կայունացնելու համար կարելի է ստտեղծել պահուստներ: Անբարենպաստ տարիներին հնարավոր կլինի այդ պահուստներից կեր գնել: Սա կօգնի ոչ միայն թռչնաբույծներին, այլ նաեւ անասնաբույծներին, որոնք նույն խնդրի առջեւ են կանգնած», - նշեց Ս. Ստեփանյանը: Խնդրո առարկան պահուստներ ստեղծելն է, ոչ թե անվճար կեր բաժանելը, ընդգծում է Ս. Ստեփանյանը:
Երկրորդ տարբերակը Միությունն առաջարկել էր դեռ տարիներ առաջ: Դա ձվի փոշու եւ պաստերիզացված մելանժի գործարանն է: Այն կիրացվեր սննդարտադրողների մոտ, քանի որ ձուն օգտագործվում է սննդամթերքի գրեթե ողջ շարքի մեջ՝ հացամթերք, երշիկեղեն, պաղպաղակ, նույնիսկ լիկյոր:
«2010 թ. վերջին՝ ձվի դեֆիցիտի նախորդ ալիքի ժամանակ, միությունը դիմել էր կառավարություն՝ նշելով, որ այդպիսի գործարանի կառուցումը $1 միլիոն էլ չէր արժենա: Մեր առաջարկածը 50/50 ներդրումն էր՝ պետության եւ ֆաբրիկաների կողմից», - նշեց Ս. Ստեփանյանը: 2-3 տարի հետո ֆաբրիկաները պիտի ետ գնեին պետության մասնաբաժինը:
Այստեղից հարց է ծագում՝ իսկ եթե գումարն այդքան փոքր է, ինչու՞ բոլոր ֆաբրիկաները միասին այն չեն գտնում: «Եթե հիշում եք, 2009 թ. Հայաստանում գյուղարտադրանքը սկսվեց հարկվել ԱԱՀ-ով: Սա կտրուկ նվազեցրել էր թռչնաֆաբրիկների շրջանառու միջոցները», - պարզաբանեց Ս. Ստեփանյանը: Այնպես որ թռչնաբույծներն ուզում են 2-3 տարով անտոկոս վարկ, որը խոստանում են վերադարձնել:
Արտադրողներին՝ հաջողություն, գնորդներիս էլ՝ համբերություն:
Պատրաստեց՝ Արամ Գարեգինյանը





























