Հայաստանում կենսաթոշակային բարեփոխումների իրականացումը մեծ օրենսդրական աշխատանքների հետ է կապված: Այս մասին սեպտեմբերի 11-ին հայտարարել է Հայաստանի նախագահի վարչակազմի ղեկավարի տեղակալ Վարդան Արամյանը՝ երկրում USAID-ի կենսաթոշակային բարեփոխումների իրականացման ծրագրի շնորհանդեսի ժամանակ:
«Մեր ամերիկացի գործընկերները մեզ մեծ աջակցություն են ցուցաբերում՝ կենսաթոշակային համակարգը արդիականացնելու գործընթացում: Կարծում եմ, որ տարիներ հետո նոր համակարգը կապացուցի, որ լավագույնս համապատասխանում է բնակչության շահերին՝ քաղաքացիների բարեկեցիկ ծերությունն ապահովելով»,-ասել է Արամյանը:
Նա ուշադրություն է դարձրել նրան, որ նոր համակարգի ներդրումը, որը նախատեսվում է 2014-ի հունվարի 1-ից, կապված է մեծ օրենսդրական բարեփոխումների հետ, որոնց մեծ մասն արդեն իրականացվել է: «Այնուամենայնիվ, մնում են մի շարք իրավական ակտեր, որոնք կատարելագործման կարիք ունեն: Այստեղ եւս մենք պատրաստ ենք շարունակել մեր աշխատանքները օտարերկրյա գործընկերների հետ»,-հավելել է Արամյանը:
Հիշեցնենք, որ 2014-ի հունվարի 1-ից Հայաստանն անցում է կատարում կուտակային կենսաթոշակային համակարգին: Քաղաքացիների կենսաթոշակային հաշիվները կառավարելու են մասնավոր ընկերությունները: Մի շարք ներդրումային ընկերություններ արդեն մտադրություն են հայտնել նոր շուկա դուրս գալու: Ներկայումս ԿԲ-ն դիտարկում է լիցենզավորման հարցերը: Համակարգը պարտադիր կդառնա 40 տարեկանից երիտասարդ քաղաքացիների համար: Մյուսները կկարողանան իրենց ցանկության դեպքում բացել կուտակային հաշիվներ:





























