Հայաստանում ազատ տնտեսական գոտիները պետք է ունենան սահմանագծեր, որոնց նկատմամբ ՀՀ կառավարության կողմից ներկայացված են որոշակի տեխնիկական պահանջներ: Մասնավորապես՝ տարածքը պետք է պարսպապատված լինի, իսկ պատուհանները՝ ցանցապատված:

Սակայն այս կանոնի պարտադիր կիրառումն արդեն իսկ առաջ է բերել որոշակի դժվարություններ ու դժգոհություններ: Ինչպես հայտնի է՝ առաջին ազատ տնտեսական գոտին օգոստոսի 1-ից գործում է «ՌԱՕ ՄԱՐՍ» ՓԲԸ եւ «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ (Մերգելյան ինստիտուտ) տարածքներում: Սակայն Մերգելյան ինստիտուտում նման ճաղավանդակներ չկան, ու պարսպապատման հարցն էլ լուծված չէ: Այնինչ այնտեղ արտադրական գործընթացներ չի նախատեսվում, իրականացվելու են միայն գիտական հետազոտություններ եւ մշակումներ: Բացի այդ՝ ազատ տնտեսական գոտին ստեղծվելու է շենքի մի հատվածում, ու մյուս հատվածների հետ նոր պարիսպների ստեղծումը խնդիրներ է առաջացնում:

Իրավիճակը շտկելու համար ՀՀ կառավարությունը պատրաստվում է ընդունել որոշում, ըստ որի՝ որոշ պարտադիր պահանջներ Մերգելյան ինստիտուտի ազատ տնտեսական գոտուց կհանվեն: Խոսքը վերաբերում է պարսպին, պատուհանների ցանցապատմանը, կշեռքի եւ մանրակրկիտ զննման համար անհրաժեշտ սարքերի եւ սարքավորումների առկայությանը: Այս արտոնությունը կկիրառվի նաեւ այլ գոտիների համար, եթե ներկայացվեն հիմնավորումներ: