Աշնանը, կամա, թե ակամա, սրացումներ են սպասվում: Այս մասին այսօր` սեպտեմբերի  11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը:  Նրա խոսքով՝ դրա հիմքում լինելու է Հայաստանի ապագայի հետ կապված խնդիրը, իսկ արտաքուստ կարող է լինել սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացման քողածածկույթ:

Սաֆարյանը նշեց, որ դա կարող է տեղի չունենալ մի դեպքում, եթե Եվրամիությունը Հայաստանից հրաժարվելու որոշում կայացնի: Նա ընդգծեց, որ Մաքսային միությանն անդամագրվելը էական ազդեցություն  է ունենալու ներքաղաքական զարգացումների վրա, թեեւ հասարակության մի մասը պատկերացում չունի դրա մասին:

«Լավագույն դեպքում գռեհիկ ձեւով ներկայացնելու են, թե Մաքսային միությունը Ռուսաստանի հետ ախպերության խորացումն է, որն իրականում այդպես չէ, իսկ Եվրոպական միությունը լավագույն դեպքում ներկայացնելու են գենդերային, կրոնական խնդիրների հետ կապված հարց»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը եւ ավելացրեց, որ այստեղ շատ կարեւոր է մեր կուսակցությունների կողմնորոշման խնդիրը: