Սեպտեմբերի 11-ին Սինայի թերակղզում երկու պայթյուն է տեղի ունեցել, մեկը եգիպտական հետախուզության գլխավոր շտաբի մոտ, երկրորդը՝ անցակետի հարեւանությամբ: Գլխավոր գրասենյակի պայթյունի հետեւանքով զոհվել է չորս մարդ, վիրավորվել՝ տասը: Հետախուզական շտաբի վրա հարձակվել է ականապատ մեքենայով մի մահապարտ, ընդ որում՝ շենքի մի մասը փլուզվել է: Անցակետի վրա կրակել են նռնականետներից:
Պայթյունները տեղի են ունեցել Ռաֆահ քաղաքում, որի մի մասը գտնվում է եգիպտական տարածքում, իսկ մյուս մասը՝ հարեւան Գազայի հատվածում: Հաղորդվում է, որ պայթյունի ալիքը կոտրել է շտաբի հարեւանությամբ գտնվող շինությունների ապակիները, հայտնում է lenta.ru-ն:
Նոր ահաբեկչությունները շարունակում են սրել լարվածությունը Սինայի թերակղզում, որտեղ վերջին ժամանակներս աշխուժացել են իսլամիստ գրոհայինները: Մասնավորապես, Սինայում գործող «Անսար Բեյթ ալ-Մաքդիս» («Երուսաղեմի պարտիզաններ») խմբավորումը ստանձնել է Եգիպտոսի ներքին գործերի նախարարի վրա սեպտեմբերի 5-ին Կահիրեում տեղի ունեցած մահափորձի պատասխանատվությունը:




























