Նշանակված փորձաքննությունների եզրակացություններով եւ այլ ապացույցներով հիմնավորվել է, որ Արտակ եւ Ավետիք Բուդաղյանների մարմինների վրա առկա մարմնական վնասվածքները թիկունքից չեն եղել։
Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 11-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ՊՆ քննչական ծառայության պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը։ Նրա խոսքով՝ Արտակ Բուդաղյանի եւ Ավետիքի չորս վնասվածքներից երեքը պատճառվել են միեւնույն զենքից, որը գործածվել է Տիգրան Խաչատրյանի կողմից։ Իսկ Ավետիք Բուդաղյանի մեկ մարմնական վնասվածքը պատճառվել է Զարզանդ Նիկողոսյանի կողմից գործածված ատրճանակից, այլ բնույթի վնասվածքներ թե Արտակ, թե Ավետիք Բուդաղյանների մարմնի վրա չեն հայտնաբերվել։ «Ավետիք Բուդաղյանի մարմնի վրա հայտնաբերվել է հրազենային վեց վնասվածքներ, դրանցից երկուսը հանդիսանում է մուտքի անցքեր եւ կույր մարմնական վնասվածքներ են, առգրավել է երկու գնդակներ, մյուս երկու վնասվածքները եղել են միջանցիկ՝ ելքի անցք։ Արտակ Բուդաղյանի մարմնին մեկ կույր հրազենային վնասվածք կար, որը կրակված է Տիգրան խաչատրյանի ձեռքին գտնվող հրազենից»,- ասաց Արմեն Հարությունյանը։
Ինչ վերաբերում է դղյակի վերեւի հատվածից հնչեցված կրակոցի մասին փաստաբան Հայկ Ալումյանի հայտարարությանը, ապա քննչական ծառայության ղեկավարն ասաց, որ առանձնատան այն հատվածում, որը հարակից է դեպքի վայրին եւ որտեղից տեսականորեն հնարավոր կլիներ կրակոցներ արձակել, պատշգամբ չունի, ընդ որում՝ երկհարկանի չէր, հետեւաբար չէր էլ կարող լինել կրակոց, այն էլ՝ վերեւից։ «Երեւի դա էր պատճառը, որ պատշգամբը վերափոխվեց եւ անվանվեց դղյակի վերեւ, երկրորդ հարկ եւ այլն»,- ասաց նա։
Արմեն Հարությունյանը նշեց, որ Արտակ Բուդաղյանը մատնանշել է դեպքի վայրում ներկա մարդկանց, որոնց շարքում Սուրեն Խաչատրյանին չի նշել։ Ինչ վերաբերում է նախկին մարզպետի կնոջ՝ ամուսնուն հանդիմանելու խոսքերին, ապա Լորետա Բարսեղյանն ասել է, որ դեպքը չսկսած ամուսինը քնած է եղել, ինչի՞ ինքը պետք է դիմեր քնած մարդուն, դա անտրամանաբանական է։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























