Ջուր, ըմպելիք, գարեջուր, մինչեւ 9% սպիրտայնությամբ խմիչք, հյութ արտադրող ու ներմուծող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը, հուլիսի 1-ից պարտավոր են դրանց իրացումը կազմակերպել բացառապես դրոշմապիտակներով: Մեկ դրոշմապիտակի արժեքը 3,5 դրամ է: Դրոշմապիտակի ձեռքբերումը, ըստ էության, անվճար է գործարարի համար, քանի որ հաշվանցվում է հարկերի հաշվին:

Սակայն NEWS.am-ին դիմել են ընկերությունների ներկայացուցիչներ՝ նշելով, որ հարկային պարտավորություններ չունենալու դեպքում ձեռքբերված դրոշմապիտակի արժեքը ներառվում է ինքնարժեքում, քանի որ ՊԵԿ-ը հրաժարվում է վերադարձնել գումարը: Որոշ դեպքերում դա կարող է բավական մեծ գումար կազմել, հատկապես փոքր բիզնեսի համար; NEWS.am-ը պարզաբանում խնդրեց նաեւ ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեից: Ստորեւ ներկայացնում ենք պաշտոնական պարզաբանումը.

«Ի պատասխան Ձեր հարցման տեղեկացնում ենք, որ օգտագործված դրոշմապիտակների (բացառությամբ՝ այն դրոշմապիտակների համար վճարված գումարների, որոնք չեն օգտագործվել եւ չեն վերադարձվել) ձեռքբերման համար նախկինում վճարված գումարները հաշվանցվում են հարկ վճարողի հարկային պարտավորությունների դիմաց, անկախ այս կամ այն հարկատեսակի գծով պարտավորության մեծությունից: Օրենքով նախատեսված է միայն օգտագործված դրոշմապիտակների ձեռքբերման համար նախկինում վճարված գումարների հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցում (դրանց վերադարձի հնարավորություն օրենքով նախատեսված չէ): 1000 հատ դրոշմապիտակների արժեքը կազմում է 3548 դրամ»:

Պարզաբանումը, պետք է ասել, այնքան էլ հստակ չէ: Մեր կարծիքով՝ ՊԵԿ-ը հնարավոր է համարում չօգտագործված դրոշմապիտակների վերադարձը: Սակայն օգտագործված դրոշմապիտակների համար վճարված գումարները ետվերադարձման ենթակա չեն բոլոր դեպքերում: