Հայաստանի առողջապահության նախարար, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանի մոտ կազմակերպվել է Հայաստանում տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի մասնակից, դոնոր եւ շահագրգիռ կողմերի հանդիպում-քննարկում։

Հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ Միջազգային զարգացման գրասենյակի (ՄԶԳ) Հայաստանյան առաքելության ղեկավար Կարեն Հիլլարդը, Գործող ժողովրդավարություն, առողջապահական եւ սոցիալական ռեֆորմների գրասենյակի տնօրեն Ռայմոնդ Մորտոնը, Բժիշկներ առանց սահմանի (ԲԱՍ)  Հայաստանյան առաքելության ղեկավար Աննաբելլ Ջերիբին, Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Հայաստանյան գրասենյակի ղեկավար Թաթուլ Հակոբյանը, ծրագրերի համակարգողներ, մասնագետներ։ Իսկ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի եւ մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային թիմի պորտֆոլիո մենեջեր Ջորջ Սակվարելիձեն հանդիպմանը մասնակցում էր հեռուստակապի միջոցով։

Ողջունելով դոնոր եւ գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներին, նախարար Դումանյանը նշել է, որ տուբերկուլոզի դեմ պայքարի ոլորտում հասել ենք մի հանգրվանի, երբ անհրաժեշտ է ամփոփել կատարվածն ու հաջողությունները եւ հստակեցնել  առաջիկա անելիքներն ու ապագա ծրագրերը։

Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակի տնօրեն Արմեն Հայրապետյանը ծանոթացրել է Տուբերկուլոզի դեմ պայքարի 2007-2015 թվականների ազգային ծրագրով նախատեսված աշխատանքների արդյունքներին ու ձեռքբերումներին։ Նա նշել է, որ կատարված աշխատանքների արդյունքում 2006-ից տարեցտարի արձանագրվում է հիվանդացության եւ մահացության ցուցանիշների նվազում։ Մասնավորապես 100 հազար բնակչի հաշվով 2012-ին հիվանդացությունը կազմել է 37.1` 2006-ի 62.4-ի փոխարեն, իսկ մահացությունը` 2012-ին կազմել է 2` 2007-ի 5.4-ի դիմաց։

Տուբերկուլոզի դեմ պայքարն առավել արդյունավետ կազմակերպելու համար 2013 թվականին ներդրվել է տուբերկուլոզով հիվանդների ուղեգրման, հոսպիտալացման եւ ստացիոնարից դուրս գրման նոր չափորոշիչներ, բարելավվել է տուբերկուլոզի լաբորատոր նմուշների տեղափոխման գործընթացը, ներդրվել է տուբերկուլոզի արագ ախտորոշման Gene-Xpert ժամանակակից մեթոդը: «Բժիշկներ առանց սահմանի» ֆրանսիական կազմակերպության հայաստանյան առաքելության աջակցությամբ 2013 թվականից ներդրվել է  գերդեղակայուն տուբերկուլոզով հիվանդների բուժման համար նոր դեղերի կիրառման ծրագիրը։ 2013 թվականից Երեւանում ներդրվել է տուբերկուլոզով հիվանդների տնային պայմաններում բուժման կազմակերպման ծրագիրը: 2014 թվականից նախատեսվում է օպտիմալացնել  տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետների, ինչպես նաեւ մանրադիտակային լաբորատորիաների համակարգը։ Եկող տարվանից տուբերկուլոզի վերաբերյալ ողջ  տեղեկատվությունը կհավաքագրվի էլեկտրոնային հաշվետվությունների ձեւով` առցանց համակարգչային ծրագրի միջոցով:

Ներկայացվեց նաեւ «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի ուժեղացում եւ դեղակայուն տուբերկուլոզի կառավարման ընդլայնում» ծրագրի իրականացման հաջող ընթացքը։

ՀՀ ԱՆ աշխատակազմի պետական առողջապահական գործակալության տնօրեն Սարո Ծատուրյանը ծանոթացրել է  տուբերկուլոզի բուժօգնության ծառայությունների ֆինանսավորման գործող մեխանիզմներին եւ առաջարկվող բարեփոխումներին։  Իսկ դրանք միտված են ինչպես բուժման որակի բարձրացմանը, այնպես էլ հոսպիտալացման ոչ անհրաժեշտ դեպքերը նվազեցնելուն եւ տնային պայմաններում բուժումն ընդլայնելուն։

Կարեն Հիլլարդը շեշտել է, որ եվրոպական երկրներում տուբերկուլոզը բուժվում է հիմնականում ամբուլատոր պայմաններում։ Միայն շատ բարդացված դեպքերում է հիվանդը հոսպիտալացվում վարակի վերահսկման մեխանիզմներ ունեցող հիվանդանոցում։ 

Նա տեղեկացրել է, որ Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրին աջակցելու նպատակով ամերիկյան կառավարությունն առաջիկայում մոտ 1.3 մլն ԱՄՆ դոլար կհատկացնի։ Իսկ ԱՀԿ-ի հայաստանյան գրասենյակին 400 հազար դոլար կտրամադրվի նույն ծրագրի տեխնիկական աջակցության համար։ Եւս 0.5 մլն դոլար կհատկացվի տուբերկուլոզի ախտորոշում եւ բուժում իրականացնող բուժհինարկների վերանորոգման համար։