Հայաստանի Ազգային ժողովն իր այսօրվա՝ սեպտեմբերի 11-ի նիստում, քննարկում է Արդարադատության խորհրդի գիտնական-իրավաբան երկու անդամների թեկնածությունը՝ ԵՊՀ-ի իրավաբանության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանի եւ Հայաստանի ոստիկանապետի խորհրդական, Արդարադատության խորհրդի նախկին անդամ Գրիգոր Բադիրյանի:
Մինչ գաղտնի քվեարկությունն սկսելը թեկնածուներին հնարավորություն են տվել պատասխանել պատգամավորների հարցերին: Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հետաքրքրվել է, թե ինչպես կարող են ազդել Արդարադատության խորհրդի անդամները դատավորների որոշումների վրա: Զուրաբյանը նաեւ նշել է, որ մարտի 1-ի դեպքերի դատական գործընթացները տեղի են ունեցել օրենսդրության կոպիտ խախտումներով, եւ դատավորներն անարդար վճիռներ են կայացրել: «Եթե դուք փաստեր ունենաք, որ այս կամ այն դատավորը խախտել է օրենքը, ինչպիսի՞ քայլեր կձեռնարկեք»: «Եթե փաստերը հիմնավոր եւ ապացուցված լինեն, եւ խախտումներ թույլ տված դատավորների ցանկը ներկայացվի Արդարադատության խորհրդին, ապա վերջինիս անդամը կարող է իր կարծիքը հայտնել տվյալ դատավորի պահվածքի մասին», - նշել է Ղազինյանը:
Իր հերթին ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Գրիգոր Բադիրյանի թեկնածությունն անհեթեթ է, քանի որ ներկայումս Բադիրյանը ոստիկանապետի խորհրդականն է, որը կամայականություններ է գործում ընդդիմադիրների նկատմամբ: Ի պատասխան՝ Բադիրյանը նշել է, որ տվյալ հանգամանքը չի հակասում օրենսդրությանը. «Սակայն Դուք ձեր կարծիքի իրավունքն ունեք»:
Ինչ վերաբերում է Ղազինյանի թեկնածությանը, ապա, ըստ Փաշինյանի, թեեւ նա պետական պաշտոններ չի զբաղեցրել, այնուամենայնիվ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկանն է եղել, որն ամենակոռումպացվածն է. «Դուք այնպիսի համակարգ եք ստեղծել, որտեղ «պապայի բալաներն» են սովորում: Եվ հենց Ձեր ֆակուլտետի շրջանավարտն է մարտի 1-ի դեպքերը հետաքննող խմբի ղեկավարը: Դուք Ձեզ պատասխանատո՞ւ եք համարում երկրի դատական համակարգի համար»:
Այս խոսքերին ի պատասխան Ղազինյանը նշել է. «Ես ինձ Ձեզնից ավելի պատասխանատու չեմ զգում: Չի կարելի վարկաբեկել մարդկանց եւ համակարգերը: Նման մեղադրանքների համար պետք է տեղեկություններ ունենալ»:
Նա նաեւ հավելել է, որ շրջանավարտների վարքի համար պատասխանատու չէ: Իր հերթին Փաշինյանը հայտարարել է, որ Ղազինյանի թեկնածությանը դեմ կքվեարկի, թեեւ վստահ է, որ նա է ընտրվելու: Նշենք, Արդարադատության խորհրդի անդամների ընտրությունները կկայանան խորհրդարանի դահլիճում՝ թեկնածությունների քննարկումից հետո:





























