Արտակ Բուդաղյանից եւ Ավետիք Բուդաղյանից վերցված արյան նմուշներում հայտնաբերվել է ալկոհոլ, իսկ Տիգրան Խաչատրյանի մեզի եւ մազի նմուշներում՝ թմրանյութեր։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 11-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ՊՆ քննչական ծառայության պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը։
Նա նշեց, որ ըստ փորձագետի՝ թմրանյութը մեզի մեջ կարող է պահպանվել 36 օր, իսկ մազի միջից՝ օգտագործելուց հետո ընդհանրապես դրա հետքը չի վերանում։
Քննչական ծառայության ղեկավարն ասաց, որ թե Տիգրան Խաչատրյանի կողմից թմրանյութ օգտագործած լինելու, թե Բուդաղյաների կողմից ալկոհոլ օգտագործած լինելու հարցը քրեական պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք է:
Անդրադառնալով Արտակ Բուդաղյանի հնարավոր ձերբակալմանը՝ Արմեն Հարությունյանը նշեց, որ քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, այդ ընթացակարգն օրենքով սահմանված է, առայժմ նման հիմք չկա նրա ձերբակալման հետ կապված, Լորետա Բարսեղյանի կողմից եւս բողոք չի ներկայացվել։
Հարցին, թե եթե Սերժ Սարգսյանը հրահանգի ձերբակալել Արտակ Բուդաղյանին, հիմքեր կգտնվե՞ն, Արմեն Հարությունյանը փոքր-ինչ շփոթվեց, բայց ասաց, որ եթե հիմքեր չկան, ինչպես կարող է ձերբակալել։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























