ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակն արձագանքել է այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ նրա զրույցին, որտեղ նա անդրադառնալով 2010-ին իր կողմից «Նաիրիտի» աշխատակցին «համբալ» ասելուն, հայտարարել է, որ եթե հիմա էլ իրեն վիրավորեն, ինքը նորից նույնը կասի:

«Ցանկության դեպքում լրագրողները կարող էին նաեւ անդրադառնալ, թե իրականում ինչ է եղել «Նաիրիտի» աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ (որից հետո, եթե չեք մոռացել, ի պատիվ ՀՀ նախագահի,  լուծվեց նրանց մի քանի ամսվա աշխատավարձերի խնդիրը), ինչպես է վիրավորել քաղաքացին, որ այդպես զայրացրել է հանգիստ ու հավասարակշիռ բնավորություն ունեցող Կարեն Կարապետյանին»,-ասված է Կարեն Կարապետյանի գրասենյակի տարածած հայտարարությունում:

Նշվումէ նաեւ, որ «կաշառակեր» բառը Կարեն Կարապետյանի համար անձնական շատ մեծ վիրավորանք է, շատ ավելի մեծ վիրավորանք, քան ցանկացած այլ որակում: «Ստացվում է, որ ինչ-որ մեկը հանգիստ կարող է անձնական վիրավորանք հասցնել պաշտոնյային, քաղաքական գործչին, բայց վերջինս պետք է «կուլ տա» այդ վիրավորանքը, քանի որ պաշտոնյա է: Չի կարող այդպես լինել, առավել եւս, որ կոնկրետ Կարեն Կարապետյանն իր ողջ կյանքն ապրել է այնպես, որ որեւէ մեկը, ով էլ նա լինի, չի կարող մեղադրել նրան կաշառակերության մեջ: Գուցե շատ մեծ ցանկության դեպքում այլ մեղադրանքներ կարող են հասցեագրել Կարեն Կարապետյանին, միայն երբեք ոչ կաշառակերություն: Ընդ որում, վստահաբար այդ մասին գիտեն բոլորը, նաեւ նրանք, ովքեր անիմաստ փորձեր են անում գցել նրա բարձր վարկանիշը:

Ավելին, հենց Կարապետյանի համար է կաշառակերությունն ամենաանընդունելի ու պարսավելի երեւույթներից մեկը: Հենց այդ նկատառումներից ելնելով էլ այսօր պարոն Կարապետյանը շատ պարզ բացատրել է լրագրողներին (որոնց գերակշիռ մեծամասնության հետ մենք ունենք բնականոն, ընկերական, ջերմ հարաբերություններ),  որ իրեն անձնական վիրավորանք հասցնողները անպատասխան չեն մնալու:

Հ.Գ.-Ի դեպ,  հարկ ենք համարում ընդգծել, որ Կարեն Կարապետյանը հարգում է իր իրավունքների կամ օրինականության հաղթանակի համար պայքարող ցանկացած քաղաքացու կամ քաղաքացիների կամքն ու վճռականությունը՝ միեւնույն ժամանակ ակնկալելով փոխադարձ հարգանք: Ընդ որում, խոսքը միայն «Նաիրիտի» աշխատակիցների մասին չէ, այլ նաեւ հասարակության տարբեր շերտերի, որոնք ընդվզում են իրենց իրավունքների ոտնահարման կամ անօրինականության դեմ»:

Հիշեցնենք, որ 2010թ.  Կարեն Կարապետյանը նախագահական նստավայրի դիմաց «համբալ» էր անվանել բողոքի ակցիայի մասնակցող «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներից մեկին։

Այս առնչությամբ՝ Կարեն Կարապետյանն այսօր ԱԺ-ում լրագրողներին ասել էր. «Դուք նախապատմությունը գիտե՞ք, իրենք ինչ էին ասում: Եթե նորից ըլնի, նույնը կասեի»։