Կառավարության կայքում պաշտոնական տեղեկատվություն կա այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը չինական BWD մակնիշի ավտոմեքենաներ է գնել «Քեթրին գրուփ» ՍՊԸ-ից, որի հիմնադիրը ԴԱՀԿ ղեկավար Միհրան Պողոսյանն է: Այսինքն՝ պետական պաշտոնյան ինքն իրենից մեքենա է գնել՝ պետական բյուջեի հաշվին:
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ասաց, որ կառավարությունն աշխատում է թափանցիկ, ինչի արդյունքում յուրաքանչյուր ոք օնլայն ռեժիմով կարող է տեսնել, թե որտեղից ինչ եւ ինչքան է գնվել; Հ. Թովմասյանն ասաց, որ ԴԱՀԿ ոչ մի ծառայող իրավունք չունի բիզնեսով զբաղվել, սակայն եթե այդպիսի կապ է հայտնաբերվել՝ պետք է դիմել բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովին:
Լ. Զուրաբյանն արձագանքեց, որ զարմացած է՝ արդարադատության նախարարությունը պետք է ստուգեր ռեգիստրի տվյալները եւ համոզվեր, որ այդ «Քեթրին գրուփի» հիմնադիրն է Միհրան Պողոսյանը: «Կամ ոչ կոմպետենտ եք, կամ այդ կոռուպցիայի մասնակից եք»,- արդարադատության նախարարին դիմեց Լ. Զուրաբյանը:
Հ. Թովմասյանը զայրացած պատասխանեց. «Ես էլ զարմանում եմ ձեր զարմանալու վրա եւ ձեր իրավաբանական գիտելիքների ցածր մակարդակի վրա: ՍՊԸ-ի հիմնադիր լինելն ու ՍՊԸ-ի այս պահին բաժնեմաս ունենալն ու կառավարելը առաջին կուրսեցի իրավաբանը կարող է բացատրել, որ տարբեր բաներ են»:





























