ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինն այսօր՝ սեպտեմբերի 11-ին, հանդես է եկել հետեւյալ հայտարարությամբ՝ քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ բռնության եւ ճնշումների վերջին դեպքերի վերաբերյալ:
«Ես մտահոգված եմ Երեւանում բողոքի ակցիաների ժամանակ խաղաղ հավաքների իրավունքի հնարավոր ոտնահարմամբ, ցուցարարների նկատմամբ ոտնձգություններով եւ անհիմն ճնշումներով: Չափազանց ցավալի են ուղղակի ճնշման ու ֆիզիկական ոտնձգության այնպիսի դեպքերը, որոնք իրականացվել են սեպտեմբերի 5-ին քաղաքացիական ակտիվիստներ՝ Երեւանի մամուլի ակումբի ծրագրերի համակարգող Հայկակ Արշամյանի եւ Թրանսփերնսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի Խորհրդի անդամ Սուրեն Սաղաթելյանի նկատմամբ:
Ներգրավված անձանց հասցված ֆիզիկական վնասից բացի՝ նման դեպքերը կարող են վնասակար ազդեցություն ունենալ նաեւ երկրում ընդհանուր քաղաքացիական ներգրավվածության եւ հասարակական մթնոլորտի վրա:
Հույժ կարեւոր է դեպքերի պատշաճ հետաքննությունը, եւ ես կոչ եմ անում իրավապահ մարմիններին ձեռնարկել անհապաղ քայլեր այս ուղղությամբ: Ժամանակին արդարության իրականացումը եւ հանցագործների բացահայտումը կօգնի պահպանել հասարակության վստահությունը Հայաստանի կառույցների նկատմամբ եւ խրախուսել քաղաքացիական հասարակությանը՝ լինել ներգրավված եւ կառուցողական»,-ասված է նրա հայտարարության մեջ:





























