Այս պահին Հայաստանում ԵՄ պատվիրակությունը չէր ցանկանա խոսել Հայաստանում Twinning ծրագրի որեւէ ժամկետի մասին, քանի որ գործընկերների հետ խորհրդակցությունները շարունակվում են: Այս մասին ասվում է NEWS.am-ի հարցմանը՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության պատասխանում:
Պատվիրակության ներկայացուցիչները կրկին նշել են, որ Հայաստանում Twinning ծրագրի դադարեցման մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը, միաժամանակ հայտարարելով ծրագրերը վերանայելու անհրաժեշտության մասին, որոնք ուղղակիորեն կապված են ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի եւ Խորը ու համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման համաձայնագրի ստորագրման հետ:
«Մենք հիմա մեր հայ գործընկերների ու ԵՄ երկրների հետ խորհրդակցությունների ընթացքում գնահատում ենք իրավիճակը»,-հայտարարել են պատվիրակության մամուլի ծառայությունից:
ԵՄ ներկայացուցիչները հայտարարել են, որ Twinning ծրագիրը սովորաբար տեւում է երկու տարի (կախված անհրաժեշտությունից), եւ միջինը ունենում է մեկ մլն եվրոյի բյուջե:





























