Իրականում սերտ համագործակցություն է անհրաժեշտ աշխատանքի եւ սոցիալական հարցերի, առողջապահության եւ ԿԳ նախարարությունների միջեւ, ինչպես նաեւ մարզային ղեկավարության եւ համայնքների միջեւ՝ երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում: Այս մասին սեպտեմբերի 11-ին հայատարարել է Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝  «Առողջ սկիզբ. Հայաստանի հաշմանդամ-երեխաների իրավունքների պաշտպանություն» ծրագրի փակմանը:

Նախարարը շնորհակալություն է հայտնել ծրագրի կազմակերպիչներին եւ մասնակիցներին: Ծրագիրն, ըստ նրա, մեծ ներդրում է ունեցել երկրում երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերի շրջանակներում: «Յուրաքանչյուր ծրագրի ավարտը, բնականաբար, նոր ծրագրի սկիզբ է: Անհրաժեշտ է ընդգծել տվյալ ծրագրի նշանակությունը որպես համակարգ, քանի որ խնդիրները, որոնք կապված են երեխաների պաշտպանության հետ, ենթադրում են ծրագրերի եւ միջոցառումների համալիր»,-նշել է Արտեմ Ասատրյանը, ընդգծելով, որ «Առողջ սկիզբ» ծրագիրը այն կարեւորագույն նախաձեռնություններից է, որը ցույց է տվել տարբեր պետական գերատեսչությունների միջեւ համագործակցության արդյունավետությունը:  Այս տեանկյունից, Կառավարության քաղաքականությունը համահունչ է «Առողջ սկիզբ» ծրագրի բովանդակությանը: «Առողջ սկիզբ» ծրագրի շրջանակներում Արտեմ Ասատրյանը առանձնացրել է պրոֆեսոր Արա Բաբլոյանի դերը՝ Հայաստանի տարբեր մարզերում վերականգնողական կենտրոնների ստեղծման հարցում: