Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ՍՕՍ մանկական գյուղեր կազմակերպության հետ համատեղ «Հետադարձ հայացք դեպի մանկատուն» ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 9-10-ը անցկացրել է վերապատրաստման հատուկ դասընթաց, որի նպատակն էր մանկատան շրջանավարտներին փոխանցել խնամքի հաստատություններում մոնիթորինգ իրականացնելու համար անհրաժեշտ գիտելիքներն ու հմտությունները:

ՄԻՊ մամուլի ծառայությունից հայտնում են, որ վերապատրաստումից հետո մանկատան նախկին սաներից կստեղծվի խորհուրդ, որը հնարավորություն կունենա Պաշտպանի՝ որպես Ազգային կանխարգելման մեխանիզմի, ներկայացուցիչների հետ միասին այցելելու երեխաների խնամքի տարբեր հաստատություններ՝ ուսումնասիրելու այնտեղի պայմանները, սաների նկատմամբ վերաբերմունքը, բուժ սպասարկման համապատասխանելիությունը սահմանված չափանիշներին, փաստաթղթային հենքը, անձնակազմի համալրվածությունը եւ մասնագիտական համապատասխանությունը, ինչպես նաեւ անհատական զրույցներ վարելու հաստատության անձնակազմի եւ սաների հետ: Երիտասարդները, ովքեր անձամբ են բնակվել այդ հաստատություններում, իրենց փորձով մեծ ներդրում կունենան այնտեղ առկա բացերը վերհանելու գործում:

Նորաստեղծ խորհրդի կողմից Մանկատների եւ գիշերօթիկ խնամքի հաստատությունների մոնիթորինգային այցերը կիրականացվեն մինչեւ տարեվերջ, իսկ ծրագրի ավարտին նախատեսվում է կլոր-սեղան քննարկում շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնկացությամբ, որի ընթացքում նրանց կներկայացվեն ուսումնասիրությունների արդյունքում մշակված առաջարկությունների փաթեթը:

Նախաձեռնությանն իրենց աջակցությունն են ցուցաբերել Հելսինկյան կոմիտեն եւ Փրկենք երեխաներին կազմակերպությունը: