Անիմաստ է մեկնաբանել համաներումը՝ լուրերի մակարդակով: Այս մասին ԱԺ-ում NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ մեկնաբանելով Հայաստանի անկախության 22-րդ տարեդարձի առթիվ հնարավոր համաներման մասին տարածված տեղեկությունները:

«Նման հարցերը չեն կարող մեկնաբանվել լուրերի մակարդակով: Պետք է լինի կոնկրետ իրավական ակտ այն մասին, որ համաներում է հայտարարվում: Եթե նման փաստաթուղթ հայտնվի, մենք կքննարկենք այն եւ կհայտնենք մեր կարծիքը»,-ասաց Զոհրաբյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ խորհրդարանի կուլիսներում քննարկվում է Հայաստանի անկախության 22-րդ տարեդարձի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից համաներում հայտարարելու առաջարկությունը: Այս մասին գրել է «Հայկական ժամանակ» թերթը եւ հավելել. «Փաստաթուղթը, սակայն, դեռ ամբողջությամբ պատրաստ չէ։ Նույն շրջանակներում խոսվում է, որ Սերժ Սարգսյանն իր առաջարկությունը ԱԺ կուղարկի թերեւս հոկտեմբերի սկզբներին։ Նա նման առաջարկով վերջին անգամ հանդես էր եկել 2009 թվականի հունիսի 16-ին։ Բավական ընդգրկուն այդ համաներման արդյունքում էլ այն ժամանակ ազատ արձակվեցին քաղբանտարկյալները։

Սպասվող համաներումը եւս, ըստ մեր աղբյուրների, բավական ընդգրկուն է լինելու։ Այդ մասին առայժմ պաշտոնապես չի ասվում։ Փաստաթուղթը կհրապարակվի խորհրդարան ուղարկվելուց հետո, վերջին պահին միայն, երբ այն կդրվի քննարկման եւ քվեարկության, այնպես, ինչպես դա տեղի ունեցավ 2009-ին»: