3100 լիտր բենզինի յուրացման եւ թրաֆիքինգի մեջ մեղադրվող, Վարդենիսի «Նյարդա-հոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի տնօրեն Նվեր Հովհաննիսյանի դեմ հարուցված քրեական գործը կարճվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Նվեր Հովհաննիսյանը: Նշենք, որ վերջինս ՀՀԿ կազմակերպչական գծով փոխնախագահ Ռուբեն Թադեւոսյանի ազգականն է:
Նա նշեց, որ գործը կարճվել է հիմքեր չլինելու` հանցակազմի բացակայության պատճառով: Նվեր Հովհաննիսյանն էլ վերականգնվել է իր աշխատանքում եւ շարունակում է ղեկավարել Վարդենիսի «Նյարդա– հոգեբանական տուն-ինտերնատը»: Թե ինչի հետ է կապում իր անձի շուրջ ստեղծված աղմուկը, նա չնշեց` ասելով, որ ոչ մեկի մեղքը չի փնտրում:
Նվեր Հովհաննիսյանը միանշանակ պնդում է, որ իրեն վերագրվող մեղադրանքները իրականության հետ աղերսներ չունեն, ինքը նման բաներ չի արել: Նա նշեց, որ այժմ առողջական վիճակը նորմալ է:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին «Հետք.am» ինտերնետային կայքում տպագրվել էր «Հոգեկան հիվանդներին տնօրենը ստիպում է անասուններ պահել» հոդվածը: Ոստիկանության Վարդենիսի քննչական բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Վարդենիսի «Նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի տնօրեն, 1958 թ. ծնված Նվեր Հովհաննիսյանը տուն-ինտերնատի հոգեկան խանգարման հետեւանով իրենց արարքի բնույթն ու նշանակությունը գիտակցելու կամ դրանք ղեկավարելու հնարավորությունից զրկված մի շարք բնակիչների շահագործելով՝ 2012 թ. մայիսից մինչեւ սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում, աշխատանքային թերապիայի անվան ներքո, նրանց տեղափոխել է Գեղարքունիքի մարզի Ներքին Շորժա գյուղի տարածք եւ ստիպել զբաղվել անասնապահությամբ՝ խնամելով տուն-ինտերնատի եւ իր բարեկամների խոշոր եւ մանր եղջերավոր անասունները:
ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության եւ Վարդենիսի բաժնի ծառայողները հոկտեմբերի 3-ին պարզել են նաեւ, որ Նվեր Հովհաննիսյանը ս/թ. ապրիլից մինչեւ սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում յուրացրել է կազմակերպությանը հատկացված 3.100 լիտր բենզինը` նշված ՊՈԱԿ-ին պատճառելով 1.302.000 դրամի նյութական վնաս:
Նվեր Հովհաննիսյանը ձերբակալված էր, բայց խափանման միջոցը փոխվել էր` ստորագրություն չհեռանալու մասին, քանի որ նրա առողջական վիճակը վատթարացել էր:





























