ԵՄ եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) համատեղ նախագծի մենեջեր Թամար Ժվանիան, այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ընտրվել է Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ, հաղորդում է «Իմեդի» հեռուստաընկերությունը:

ԿԸՀ նոր նախագահը հայտարարել է, որ մտադիր է անցակցնել երկրի պատմության մեջ լավագույն նախագահական ընտրությունները:

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ԿԸՀ նախագահի պաշտոնի համար երեք թեկնածություն էր ներկայացրել՝ Թամար Ժվանիա, Մանուչար Գամկրելիձե եւ Կոնստանտին Ամիրեջիբի: ԿԸՀ անդամները միաձայն քվեարկել են Ժվանիայի օգտին, հաղորդում է «Նովոստի Գռուզիան»:

Վրաստանի ԿԸՀ նախկին նախագահ Զուրաբ Խարատիշվիլիի լիազորությունները ավտոմատ կերպով դադարեցվել են օգոստոսի 29-ին (նա հրաժարականի դիմում է ներկայացրել օգոստոսի 12-ին): Խարատիշվիլին որոշել է առաջադրել իր թեկնածությունը հոկտեմբերի 27-ին կայանալիք նախագահական ընտրություններում:

Ժվանիան 42 տարեկան է, մասնագիտությամբ՝ սոցիոլոգ, աշխատել է Արդար ընտրությունների եւ ժողովրդավարության միջազգային ընկերակցությունում (ISFED), դիտորդ է եղել Բանգլադեշում անցկացված ընտրություններում, աշխատել է NDI-ի Վաշինգթոնի գրասենյակում: