Սիրիայի Մաալուլա քրիստոնեական գյուղում վիրավորվել է Russia Today-ի օպերատորի ասիստենտը: RT-ի նկարահանող խումբը գյուղ ժամանելով հայտնաբերել է, որ գրոհայինները շարունակում են գնդակոծությունը: Լրագրողները հայտնվել են էպիկենտրոնում: Ճակատից վիրավորվել է օպերատորի ասիստենտ Կիրիլ Վագինը: Մարտերի արդյունքում խիստ տուժել է լեռան գագաթին գտնվող մենաստանը:
Russia Today-ը տեղեկացնում է, որ մի քանի շաբաթ առաջ գրոհայինները հարձակումներ են գործել քրիստոնեական գյուղերի վրա: Չորս օր առաջ Ասադի բանակն իր ձեռքն էր վերցրել տարածքի վերահսկողությունը, սակայն հետո գրոհայինները զինվորներին դուրս էին մղել այնտեղից:
Մաալուլան լեռնային գյուղ է, որտեղ մոտ 2 հազար մարդ է բնակվում: Այն Դամասկոսից 60 կմ հյուսիս-արեւելք է ընկած եւ քրիստոնյաների ուխտագնացության խոշորագույն վայրն է: Գյուղը հնագույն քրիստոնեական շատ ուղղությունների օջախ է եւ աշխարհի այն քիչ վայրերից, որտեղ արամեերեն են խոսում. լեզու, որով, ասում են, խոսել է Հիսուս Քրիստոսը:
Բացի նրանից, որ Մաալուլան ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում է, այն նաեւ Սիրիայի քարտեզին ռազմավարական կարեւոր կետ է, քանի որ գտնվում է Դամասկոսի եւ Հոմսի միջեւ ընկած խոշոր ավտոմայրուղու մոտ:




























