Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության պետական տեսչությունը օգոստոսին 100 հազ. դրամ տուգանք է նշանակել «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն» ԲԲԸ-ի նկատմամբ: Պատճառը՝ 2011-12 թ.թ. որոշ սարքավորումներ շահագործվել են առանց ստուգաչափման վկայականների:

Նշենք, որ այս ընկերությունը շահագործում է Հրազդանի ՋԷԿ-ը եւ պատկանում է ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ին:

Ընդհանուր առմամբ՝ Շուկայի վերահսկողության տեսչությունը օգոստոսին տուգանել է 22 կազմակերպության՝ 2.9 մլն դրամ ընդհանուր գումարով:

Տուգանվածների թվում է, օրինակ, հայ-հունգարական «Ռիխտեր-Լամբրոն» ընկերությունը՝ առանց հայերեն մակնշման մանկական պոլիմերային սպասք եւ խաղալիքներ վաճառելու համար:

Տուգանվել են նաեւ 4 բուժհիմնարկներ՝ չափման միջոցները ստուգաչափված չլինելու պատճառով; Դրանք են Գորիսի բժշկական կենտրոնը, «Բեռլին» պոլիկլինիկան Շիրակի մարզում, Շենգավիթի ու Չարենցավանի բժշկական կենտրոնները;

Իսկ Քաջարանի «Սարշ» բենզալցակայանը տուգանվել է՝ Պրեմիում-95 տեսակի բենզինը տեխնիկական կանոնակարգին չհամապատասխանելու հիմքով: