Մաքսային միության շրջանակներում համագործակցության խորացումը բխում է մեր երկրի թե՛ տնտեսական եւ թե՛ սոցիալական զարգացման շահերից: Նման բովանդակությամբ հայտարարություն է տարածել Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը՝ իր խորհրդի նիստում:

Հայտարարությունում ասվում է.

«Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, հավատարիմ իր ծրագրային սկզբունքներին, գնահատելով Հայաստանի Հանրապետության խորը եւ համապարփակ, բազմաբովանդակ կապերը Ռուսաստանի հետ, բացարձակ ձեռքբերում համարելով ազգային-պետական անվտանգության համակարգի գոյությունը, կառուցված Ռուսաստանի եւ ՀԱՊԿ անդամ մյուս պետությունների հետ միասին, միանգամայն ճիշտ եւ վստահելի դաշնակցին համազոր որոշում է համարում Մաքսային միությանը միանալու ՀՀ նախագահ Սրեժ Սարգսյանի հայտարարությունը:

Մաքսային միության շրջանակներում համագործակցության խորացումը բխում է մեր երկրի թե՛ տնտեսական եւ թե՛ սոցիալական զարգացման շահերից, հնարավորություն ընձեռելով հիմնադիրներից մեկը դառնալու ապագա Եվրասիական միության կազմավորման գործընթացում:

Գտնում ենք, որ Հայաստանի իշխանությունները Մաքսային միության անդամ պետությունների հետ բանակցություններում հետեւողականորեն պետք է ներկայացնեն ընդհանուր սահմանի բացակայության պայմաններում համապատասխան փոխշահավետ համագործակցության մեխանիզմների ստեղծումը' որեւէ պարագայում երբեւէ չանտեսելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենսական շահերը, քանի որ Արցախի տնտեսական կառույցները փաստացի գործում են ՀՀ մաքսային տարածքում:

ՀՀ արտաքին քաղաքական վեկտորի վերահաստատման գործընթացում ոչ պակաս նշանակություն ունի ներկա աշխարհաքաղաքական խառնաշփոթ իրավիճակի մշուշոտ հեռանկարը, ինչը ուղղակի եւ անուղղակի ազդեցություն է ունենալու մեր երկրի անվտանգության թե՛ ամրապնդման, թե՛ թուլացման գործում:

Միաժամանակ գտնում ենք, Մաքսային միությանը միանալը ամենեւին էլ չի խոչընդոտում մյուս երկրների եւ միությունների հետ համագործակցությանը: Եթե Եվրամիության ներկայացուցիչները անկեղծ են իրենց հայտարարություններում, ապա Հայաստանը կարող է շարունակել համագործակցությունը Ասոցացման պայմանագրի շրջանակներում եւ յուրահատուկ կամուրջ հանդիսանալ ԵՄ եւ Մաքսային միության եւ ապագա Եվրասիական միության անդամ երկրների միջեւ: Մի բան, որը որոշակիորեն կբացառեր հակամարտության սաղմերի գոյավորումը: Առավել եւս, որ արդի իրավիճակում անհրաժեշտ է լինել այն ճամբարում, որտեղից խաղաղությանը, մարդու եւ ժողովուրդների իրավունքների իրական պաշտպանությանը, նրանց ինքնության պահպանմանը եւ զարգացմանն ուղղված համապատասխան քայլեր են ձեռնարկվում»: