Al-Jazeera հեռուստաալիքը հայցեր է պատրաստում միջազգային դատական ատյաններ՝ ընդդեմ Եգիպտոսի նոր իշխանությունների:

Քաթարական հեռուստաալիքը հայտնում է, որ վերջին շաբաթների ընթացքում Եգիպտոսի նոր իշխանությունները, որոնք դժգոհ են իրենց հեռուստաալիքի դիրքորոշումից, անընդհատ հետապնդում են Al-Jazeera-ի թղթակիցներին, կալանավորում առանց տեսանելի պատճառների, խուզարկություններ անցկացնում ընկերության գրասենյակներում եւ առգրավում անհրաժեշտ սարքավորումները: Ներկայումս հեռուստաալիքը հույս ունի իրավիճակի վրա ազդել միջազգային դատարանների միջոցով, հաղորդում է BFM.RU-ն՝ վկայակոչելով AFP-ն:

Al-Jazeera-ի աշխատակիցները համարում են, որ հետապնդումների են ենթարկվում այն բանի համար, որ եթեր են տալիս իսլամիստական կազմակերպություններին, առաջին հերթին, «Մահմեդական եղբայրներին»: Հեռուստաալիքը բազմիցս հայտարարել է Եգիպտոսի իշխանությունների, իրենց կարծիքով, անօրինական գործողությունների մասին: Լրագրողները նշել են, որ եգիպտացի զինվորականները խլացնում են Al-Jazeera-ի արբանյակային ազդանշանները:

Հիշեցնենք, որ Եգիպտոսի իշխանությունները թույլ չեն տալիս իսլամիստական կազմակերպություններին հանդես գալ պետական հեռուստաալիքներով: Բացի այդ, Կահիրեի դատարանը սեպտեմբերի 3-ին որոշել է փակել 4 իսլամամետ ալիքներ, այդ թվում Al-Jazeera-ի եգիպտական ստորաբաժանումը:

Եգիպտոսի դատարանը որոշել է փակել Al-Jazeera հեռուստաալիքի տեղական կայանը