Օգոստոսի 22-ին «Արեւելյան խոհանոց» սրճարանում տեղի ունեցած միջադեպի գործով քաղաքացի Անուշավան Գրիգորյանը տուժող է ճանաչվել ու հարցաքննվել:
Օգոստոսի 22-ին, ժամը 18.00-ին, Անուշավան Գրիգորյանը ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր տվել, որ Ժամը 16.00-ի սահմաններում անհայտ անձը ձեռքերով հարվածներ է հասցրել իր դեմքի եւ գլխի շրջանում, ապա վայր գցել եւ պատճառել մարմնական վնասվածքներ։
Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ նշված օրը, ժամը 16.30-ի սահմաններում, Երեւան քաղաքի Կոմիտաս 16 հասցեում գտնվող «Արեւելյան խոհանոց» սրճարանում նրա հետ վիճաբանել եւ ձեռքերով հարվածներ է հասցրել Սահակ Հակոբյանը։
Նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ Գրիգորյանի առողջությանը պատճառվել է թեթեւ վնաս՝ առողջության կարճատեւ քայքայումով։
Անուշավան Գրիգորյանը ծանոթացել է դատաբժշկական փորձաքննության եզրակացությանը, որից հետո բացատրություն է տվել, որ ինքը չի հաշտվել Սահակ Հակոբյանի հետ, շարունակում է բողոքել եւ պահանջել, որ նա ենթարկվի քրեական պատասխանատվության:
Սահակ Հակոբյանի կողմից Անուշավան Գրիգորյանի առողջությանը դիտավորությամբ թեթեւ վնաս պատճառելու դեպքի առթիվ սեպտեմբերի 9-ին ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով հարուցվել է քրեական գործ:
Նախաքննությանը շարունակվում Է։





























