ՀՀԿ գործադիր մարմնի նիստում, այսօր՝ սեպտեմբերի 12-ին, քննարկվել են ներկուսակցական եւ ներքաղաքական հարցեր, իսկ ՀՀ գլխավոր  դատախազի հարցը կքննարկվի ԱԺ քառորյայում: Այս մասին, այսօր` սեպտեմբերի  12-ին, ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Կուսակցությունը այն մարմինը չէ, որ որոշի, թե ով է լինելու երկրի գլխավոր դատախազը: Սպասեք հաջորդ քառորյային, պարզ կդառնա այդ հարցը»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

Հարցին, թե ինքը տեղյա՞կ է, թե ով է փոխարինելու գլխավոր դատախազին, Շարմազանովն ասաց, որ  ինքը շատ բաների է տեղյակ, բայց բաներ կան, որ իր լիազորությունների շրջանակից դուրս են: «Դանդաղ շտապեք՝ կիմանաք»,-ասաց նա:

Իսկ վերահսկիչ պալատի նախագահի հարցով էլ ասաց, որ այսօր նման քննարկում չի եղել եւ դա նախագահը պետք է առաջարկի՝ ներկայացնելով ԱԺ-ի քննարկմանը: Հարկ է նշել, որ նիստը 40 րոպե ուշացումով սկսվեց, քանի որ Սերժ Սարգսյանն ուշանում էր: