Հրաչյա Հարությունյանի ընտանիքի համար սպասելի չէր նրա կալանքի ժամկետի երկարաձգումը երկու ամսով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա դուստրը` Լիլիթ Հարությունյանը:
Նա նշեց, որ հոր` կալանքի ժամկետը երկարացվելու մասին իրենց տեղեկացրել է վերջինիս փաստաբանը եւ ասել է, որ պետք է սպասել դատին: Իսկ դատը դեռ հայտնի չէ` երբ կլինի:
«Երեւի մտածել են, թե կփախչի, դրա համար երկարացրել են կալանքի ժամկետը»,- ասաց Հրաչյա Հարությունյանի դուստրը: Նա նաեւ ասաց, որ եթե հնարավոր լինել փոխել հոր խափանման միջոցը, փաստաբանն անպայման դա կաներ, »երեւի հնարավոր չէր»:
Դուստրը նաեւ նշեց, որ թոռնիկն անընդհատ հետաքրքրում է պապից, դեռ փոքր է` չի հասկանում շատ բաներ, բայց գիտի, որ ինչ-որ բան եղել է, որ պապը չի կարող գալ Ռուսաստանից: Ընտանիքն ակնկալում է Հրաչյա Հարությունյանին Հայաստանում տեսնել կես կամ մեկ տարի հետո:
Նշենք, որ Մոսկվայի Տվերի դատարանը սեպտեմբերի 12-ին, մինչեւ դեկտեմբերի 14-ը երկարաձգել է «ԿամԱԶ»-ի վարորդ Հրաչյա Հարությունյանի կալանքի ժամկետը, որը մեղադրվում է 18 մարդու մահվան պատճառ դարձած խոշոր ավտովթարի մեջ, «ՌԱՊՍԻ»-ին հայտնել է դատարանի քարտուղար Եկատերինա Կորոտովան:
Նշենք, որ հուլիսին, Տվերի դատարանի որոշմամբ Հարությունյանը կալանավորվել էր մինչեւ սեպտեմբերի 13-ը:
Հիշեցնենք, որ սարսափելի վթարը տեղի է ունեցել հուլիսի 13-ին, որի ժամանակ զոհվել է 18, վիրավորվել ավելի քան 60 մարդ: Հուլիսի 15-ին Հարությունյանին կալանավորել են:





























