Մայրաքաղաքի արտաքին ձեւավորման աշխատանքների շրջանակում Երեւանի քաղաքապետարանի կողմից կենտրոնական որոշ փողոցներ եւ հրապարակներ կահավորվել են ուղենշող ցուցանակներով:
Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ երկլեզու՝ անգլերեն եւ հայերեն, ցուցանակները թե´ երեւանցիներին եւ թե´ քաղաքի հյուրերին հնարավորություն են տալիս առավել հեշտ կողմնորոշվել մայրաքաղաքում: Ուղենշող վահանակները հուշում են նաեւ մշակութային օջախների գնվելու վայրերն ու ուղղությունները:
Դրանք պատրաստված են միջազգային չափորոշիչներին համապատասխան եւ երեւանյան ձեւավորման ընդհանուր ոճին համահունչ: Հետիոտների հարմարավետությունն ապահովելու նպատակով՝ ոլորտի մանագետների կողմից նախապես ուսումնասիրվել է գրության տառաչափը, տառատեսակը, հաշվի է առնվել նաեւ ցուցանակների բարձրությունը:
Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը նշել է, որ փորձնական տարբերակով դեռ ապրիլին տեղադրված ցուցանակները քաղաքացիների կողմից հավանության արժանացան, ուստի եւ որոշվեց շարունակել ծրագիրը:
Հետագայում նախատեսվում է ուղենշող ցուցանականերով կահավորել նաեւ մայրաքաղաքի մյուս բոլոր փողոցները:
Մայրաքաղաքի արտաքին տեսքի բարելավմանն ուղղված հետագա ծրագրերում կմշակվեն նաեւ ձեւավորման տարբեր այլ տարրեր, ինչպես օրինակ շենքերի համարակալման ցուցանակները, գովազդային վահանակների արդիականացումը եւ այլ:





























