Շրջանառող տեղեկություններն այն մասին, որ ԲՀԿ-ն մտնելու է իշխող կոալիցիայի մեջ, իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 13-ին, խորհրդարանում կայացած ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ պատասխանելով այն հարցին, արդյոք հնարավո՞ր է, որ կուսակցությունն առաջիկայում մտնի իշխող կոալիցիայի մեջ: Զոհրաբյանի խոսքով՝ կուսակցության քաղաքական օրակարգում նման հարց չկա. «Մեր առաջ խնդիր դրված չէ ներառվել իշխող կոալիցիայի մեջ»:
Իր հերթին ՀՅ Դաշնակցության խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը եւս հերքել է տեղեկություններն այն մասին, որ կուսակցությունը ներառվելու է կոալիցիայում. «Այն, որ Վահան Հովհաննիսյանը նշանակվել է Գերմանիայում Հայաստանի դեսպան եւ իշխանությունների հետ համագործակցելու է արտաքին քաղաքականության հարցերում, դեռեւս չի նշանակում, որ կուսակցությունը մտնելու է իշխող կոալիցիայի մեջ»:





























