Պետությունը չեղած մարդկանց սարքել է ազատամարտիկ, տվել իրավունքներ, իսկ իրական ազատամարտիկներն այսօր ծայրահեղ աղքատության մեջ են։  Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը։

Նա նշեց, որ ազատամարտիկների ցուցակները պետք է մաքրել, ճշգրտել, որովհետեւ այդտեղ 15 հազար մարդ կա գրանցված, ովքեր արտոնություններից են օգտվում, բայց իրական ազատամարտիկներն այսօր կարիքավոր են։

«Վարչապետն ամիսը մեկ թատրոն է անում, կանչում է մարդկանց, փորձում է համոզել, որ չբողոքեն: Պաշտպանության նախարարն էլ իր հերթին է փորձում համոզել»,- ասաց Պետրոս Մակեյանը։

Նա նկատեց, որ ինչպես երկրում է ամեն ինչ ծայրահեղ, կան գերհարուստներ, օլիգարխներ, բայց հասարակության մեծ մասն աղքատության շեմին է, այդպես էլ ազատամարտիկների դեպքում է։ «Այս անարադարությունը չի կարող մարսվել,  հեղափոխությունները ծագել են միշտ էլ այսպիսի գերհեռացման պարագայում: Ազատամարտիկների պայքարը համախմբվելու է եւ դառնալու է մի մեծ գետ»,- ասաց Պետրոս Մակեյանը։

Ասուլիսի մյուս բանախոսը՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը, նշեց, որ ազատամարտիկների կողմից բարձրացված հարցերի մեծ մասը սոցիալական են, որոնք քննարկման կարիք ունեն, Կառավարությունը եւ պատկան մարմինները պարտավոր են դրանք քննարկել եւ լուծումներ տալ։ «Նրանք արժանի են արժանավայել ապրելու: Կարծում եմ՝ պետությունը այդպիսի քայլեր մշակում եւ ձեռնարկում է»,- նշեց ՀՀԿ-ական պատգամավորը։