Երեւանի եւ Բաքվի ուղիղ երկխոսությունը չպետք է ինքնանպատակ լինի: Այս մասին NEWS.am-ի թղթակցին է հայտարարել է Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Մահմուդ Մամեդգուլիեւը՝ Երեւանում «Արեւելյան գործընկերության» ոչ ֆորմալ երկխոսության շրջանակներում:

«Երկխոսություն եղել է, սակայն այժմ դադարեցվել է: Ինչ վերաբերում է ուղիղ երկխոսությանը, ապա դա կախված է նրանից, թե ինչպես դա կնախապատրաստվի: Լուրջ նախապատրաստություն է հարկավոր, լուրջ հարցեր: Դա չպետք է լինի հանդիպում՝ հանուն հանդիպելու: Պետք է ինչ-որ եզրակացություններով քննարկումներ լինեն: Դա նախագահներից է կախված»,-ընդգծել է փոխնախարարը:

Հիշեցնենք, որ հայ գործընկերոջն ուղղված ԱՄՆ նախագահի ուղերձում, որը փոխանցվել էր ԵԱՀԿ ՄԽ ամերիկյան նորանշանակ համանախագահի միջոցով, Բարաք Օբաման Սերժ Սարգսյանին կոչ է արել օգտվել հաջորդ ամիս կայանալիք Ադրբեջանի հետ ուղիղ երկխոսության հնարավորությունից, ինչպես նաեւ վստահել համանախագահների փորձին: Համանման հաղորդագրություն Ուորլիքը փոխանցել է նաեւ Իլհամ Ալիեւին: