Արեւելյան գործընկերության անդամ երկրների կրթության նախարարների պատվիրակության այցը Հայաստան նոր խթան կհանդիսանա կրթության բնագավառում համագործակցությանը, ինչն էլ կնպաստի Հայաստանում այդ ոլորտում բարեփոխումների հաջող իրականացմանը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 13-ին, Արեւելյան գործընկերության անդամ երկրների կրթության նախարարների պատվիրակության հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյան:
«Մեզ համար կարեւոր է կրթության բնագավառում եվրոպական փորձը, ինչպես նաեւ նոր բարեփոխումների իրականացումը: Այդ առումով արդեն իսկ Եվրոպական միության տեխնիկական եւ ֆինանսական օժանդակությամբ բավականին մեծ ծավալի աշխատանքներ ենք իրականացրել՝ նպատակ ունենալով ուսումնական հաստատություններում ներդնել կրթական լավագույն ստանդարտները»,- նշել է Տիգրան Սարգսյանը:
Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարչապետը տեղեկացրել է, որ սկսվել են բուհերի հավատարմագրման ինստիտուտի ներդրման աշխատանքները, մասնավորապես, ձեւավորվել է համապատասխան կառույց: Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարության ծրագրով առաջիկա տարիների ընթացքում հայաստանյան առնվազն հինգ բուհեր պետք է անցնեն միջազգային հավատարմագրում, որը կստիպի ուսումնական հաստատություններին ներդնել եվրոպական կրթական չափանիշներ:
Արեւելյան գործընկերության անդամ երկրների կրթության նախարարները ողջունել եւ բարձր են գնահատել կրթական ոլորտում մեր երկրում իրականացվող բարեփոխումները: Վերջիններս վարչապետին են ներկայացրել իրենց երկրում իրականացվող ծրագրերն ու, այդ համատեքստում, համատեղ փոխգործակցության ուղղությունները:





























