Հայաստանը Ռուսաստանի հետ բանակցություններ կվարի TIR միջազգային ավտոփոխադրումների երաշխիքների վերաբերյալ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը՝ մեկնաբանելով Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության որոշումը, որը օրենքի ուժ կստանա սեպտեմբերի 15-ին:
«Բոլոր այդ հարցերը կքննարկվեն կառավարությունում, կստեղծվի համապատասխան հանձնաժողով, որը կկարողանա հարցին հստակ պատասխան տալ»,- հայտարարել է նախարարը: Նա հավելել է, որ բանակցությունները կսկսեն նաեւ ռուսական կողմի հետ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ին Ռուսաստանի ԴՄԾ-ը դադարեցնում է ճանաչել Միջազգային ճանապարհային փոխադրումների(TIR) համակարգի երաշխիքները որպես բեռների միակ երաշխիքներ: Հավելյալ ավտոփոխադրումները, ինչպես նաեւ երկաթուղային փոխադրումները պետք է ուղեկցվեն ռուս գործընկերների կողմից որեւէ երաշխիքով(երաշխիքային դեպոզիտ ռուսական բանկում, երաշխիքային նամակներ կամ մաքսային ուղեկալ): Համեմատության համար նշենք, որ նախկինում բավական էր սահմանին TIR գրքույկի ներկայացումը՝ մինչեւ 60 հազար եվրո երաշխիքով: Միացյալ մաքսային գոտի դրսից, այդ թվում նաեւ Հայաստանից բեռների փոխադրման հավելյալ գործընթացները, հնարավոր է, բարդանան:





























