Սեպտեմբերի 13-ին ՀՀ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հրավիրել է իր անդրանիկ նիստը: Օրակարգում առաջադրվել ու քննարկվել են 7 խումբ հարցեր: Դրանք են.
1. հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման ընթացակարգը,
2. հանձնաժողովի աշխատանքների լուսաբանման կարգը,
3. սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի մշակման առանցքային խնդիրների նախնական հստակեցումը,
4. տարբեր հիմնախնդիրների վերաբերյալ քննարկումները նախապատրաստելու համար հանձնաժողովի անդամների միջեւ աշխատանքի պայմանական բաժանումը,
5. միջազգային փորձագետների ներգրավման եւ միջազգային փորձաքննություն կազմակերպելու հարցը,
6. տարբեր մասնագետների եւ կազմակերպությունների առաջարկությունների ու նկատառումների ստացման եւ ուսումնասիրման կարգը,
7. հանձնաժողովի աշխատանքային նիստերի ժամանակացույցի կազմման հարցը:
Հանգամանորեն քննարկման առարկա է դարձել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի մշակման առանցքային խնդիրների հստակեցման հարցը: Առաջադրված հիմնախնդիրների հստակեցումից հետո դրանց վերաբերյալ կկազմակերպվեն առանձին քննարկումներ:
Հանձնաժողովն իր իրավասությունների շրջանակներում կհամագործակցի նաեւ միջազգային փորձագետների, մասնավորապես` Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի հետ:
Հանձնաժողովը նախատեսել է տարբեր մասնագետների ու կազմակերպությունների կողմից մասնագիտական առաջարկությունների ընդունման, ուսումնասիրման ու քննարկման ընթացակարգը:





























