Սեպտեմբերի 13-ին Եգիպտոսի պաշտոնանկ նախագահ Մուհամեդ Մուրսիի կալանքը երկարացրել են եւս մեկ ամսով, հայտնում է Ahram Online-ը:

Նախագահ Մուրսին պաշտոնանկ էր արվել հուլիսի 3-ին Եգիպտոսի զինվորականների կողմից` իր  դեմ զանգվածային բողոքներին զուգահեռ: Երկրի գլխավոր դատախազությունը վճռել էր կալանավորել նրան, իսկ այնուհետեւ բազմիցս երկարացրել էր  կալանքը` պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ վերջինիս հավանական դավադրության գործով: Վերջին անգամ Մուրսիի կալանքը երկարացվել էր օգոստոսի 19-ին, հիշեցնում է «ՌԻԱ Նովոստին»: 

«Կոմսոմոլսկայա պրավդան» հայտնում է, որ Մուհամեդ Մուրսիին կտեղափոխեն Կահիրերի ծայրամասի Թորա բանտ: Այդ բանտի խցերից մեկում է Եգիպտոսի նախկին առաջնորդ Հոսնի Մուբարաքը, որը պաշտոնանկ էր արվել   2011թ.  «արաբական գարնան» օրերին:

Սեպտեմբերի 13-ին Եգիպտոսի մի շարք քաղաքներում Մուրսիի համակիրների ցույցերն ավատվել էին իր հակառակորդների հետ բախումներով, ինպես նաեւ ոստիկանության միջամտությամբ:  Կահիրեում մի քանի հազար իսլամիստներ բողոքի ցույց էին կազմակերպել` պահանջելով ազատել Եգիպտոսի նախկին նախագահին:  NEWSru Israel-ը հայտնում է, որ կառավարության շենքի կողքով անցնելիս, ցուցարարները գոռացել էին. «Աբդել Ֆաթեհը դեռ գլխավոր մսագործն է»` նկատի ունենալով պաշտպանության նախարար Աբդել Ֆաթահ ալ-Սիսիին:

Մուրսիի համակիրներն ամբողջ երկրով բազմահազարանոց երթեր են կազմակերպում, որոնք հանգեցնում են ուժայինների հետ դաժան բախումների: Երկրում արտակարգր դրություն է հայտարարվել, իսկ 14 քաղաքներում պարետային ժամ է սահմանվել: Ըստ պաշտոնական տվյալների` զոհվել է 830 մարդ: