Իսակովի պողոտայում այսօր՝ սեպտեմբերի 14-ին ժամը 08:00-ի սահմաններում վթարի ենթարկված Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի որդու՝ 26-ամյա ծանրամարտիկ Նորայր Վարդանյանին եւ մյուս տուժածների կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի մամուլի քարտուղար Սյուզի Բադոյանը։

Նա նշեց, որ առայժմ ճշտվում է, թե տուժածները որ հիվանդանոց են տեղափոխվել, բայց տեղեկացել է, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում, թեթեւ մարմնական վնասվածքներ են ստացել։

Ի դեպ, մեր տեղեկություններով, առավոտյան դեպքի վայրում է եղել նաեւ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը։

Հիշեցնենք, որ Իսակովի պողոտայում այսօր՝ սեպտեմբերի 14-ին ժամը 08:00-ի սահմաններում բախվել են Lexus մակնիշի 24 ԼԼ 099 եւ «ԳԱԶԵԼ» մակնիշի 0907 Տ համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով, նախնական տեղեկություններով, կա 5 տուժող: Lexus-ի վարորդը ծանրամարտիկ 26-ամյա Նորայր Վարդանյանն է: NEWS.am-ի տեղեկություններով՝ նա սպորտի նախարար Յուրի Վարդանյանի որդին է: