Արարատի մարզում, սեպտեմբերի 12-ին հնչած կրակոցների հեղնակին հայտնաբերել ու ձերբակալել են:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 12-ին, ժամը 20.40-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի եւ հայտնել, որ Երեւանից ուղեւորվել է Մասիս եւ «Նիսան» մակնիշի երկու ավտոմեքենաներից իր վրա կրակում են:

Մեկնած օպերատիվ խումբը Ներքին Չարբախ-Մասիս ճանապարհի 3-րդ կմ-ի ճամփեզրին հայտնաբերել էր «Նիսան-Սանի» ավտոմեքենա, որի ձախ կողմում առկա էին հրազենային կրակոցի նմանվող 12 հետքեր, իսկ նույն կողմի հետեւի անվադողն ամբողջությամբ վնասված էր:

Սեպտեմբերի 13-ին պարզվել է, որ ավտոմեքենայի վրա կրակոցներ է արձակել 22-ամյա Կառլեն Բ.-ն, որը հայտնաբերվել եւ ձերբակալվել է:

NEWS.am-ի տեղեկություններով՝ կրակոցների արդյունքում մարդկային զոհեր եւ վիրավորներ չկան, պարզապես մեքենայի գույքն է կրակոցներից վնասվել:

Նախաքննությունը շարունակվում է: