Հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքին որպես երեւույթ պետք է դիտարկել ոչ թե մեկ մարդու գործունեության շրջանակում, այլ հենց հայկական հարցի եւ հայ ժողովրդի խնդիրների համատեքստում։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 14-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է «Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրման կենտրոնի» ղեկավար Հայկազուն Ալվրցյանը։

 «Հրանտ Դինքի 60-ամյակի առթիվ հարկավոր է մի շարք միջոցառումներ կազմակերպել, որոնք կօգնեն հասկանալ այդ մեծ մտքի տեր մարդու ֆենոմենը», - նշել է Հայկազուն Ալվրցյանը։

Նրա խոսքով՝ Թուրքիան, որը փորձում է ժողովրդավար երեւալ Եվրոպայի աչքում, միշտ փորձել է ժողովուրդների իրավահավասարության, խոսքի եւ կրոնի ազատության մասին կեղծ խոստումներով խաբել եւ արեւմուտքին, եւ արեւելքին, եւ հարավին, եւ հյուսիսին եւ սեփական ժողովրդին։ «Այս իրավիճակում Հրանտ Դինքը գիտակցում էր, որ թուրքական նոր պետությունում հայկական հարցի լուծման կարելի է հասնել, բայց այլ միջոցներով։ Այդ միջոցներից մեկն «Ակոս» թերթն էր, սակայն դրանում հայերեն միայն 4 էջ կա, այն թուրքական թերթ է», - ընդգծել է  Հայկազուն Ալվրցյանը՝ հավելելով, որ Դինքի համոզմամբ միայն ժողովրդավար Թուրքիայում է հնարավոր լուծել հայկական հարցը։ Հարցին, թե արդյոք նա դաշնակիցներ ուներ Թուրքիայում, փորձագետը պատասխանեց, որ Դինքը շատ կողմնակիցներ ուներ, սակայն ինչպես պարզվեց, նրանք Ստամբուլի մտավորականության միայն մի մասն էին։

2007. հունվարի 19-ին Ստամբուլում՝ «Ակոս» թերթի խմբագրության մոտ, սպանված Հրանտ Դինքը  սեպտեմբերի 15-ին  կդառնար 59 տարեկան։

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am