Երիտասարդները պետք է պետական աջակցության համակարգում հատուկ տեղ ունենան, պետությունը պետք է երիտասարդներին ապահովի աշխատանքով։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։

Նա նշեց, որ այս ոլորտում անելիքներ կան, քանի որ եթե նույնիսկ օրենքներ են ընդունվում, դրանք կիրառման խնդիր ունեն։ Եթե արտերկրում երիտասարդները աշխատանք գտնելու լուրջ խնդիրներ չունեն, ապա մեզ մոտ դա լուրջ խնդիր է։

Նախ, պետք է տարբերել երկու հանգամանք. առաջինը, Ահարոն Ադիբեկյանի խոսքով, մասնագիտության սխալ ընտրությունն է, այսինքն՝ ծնողները կարծում են, որ եթե երեխան ստանա այսինչ մասնագիտությունը, կունենա աշխատանք, եւ արդյունքում մենք տնտեսագետների, ֆինանսիստների, լեզվաբանների, ծրագրավորողների մեծ բանակ ենք ունենում, ովքեր գումար են ծախսում, ստանում կրթություն, բայց չեն կարողանում աշխատանք գտնել։

Սոցիոլոգն ասաց, որ այսօր հիմնական աշխատանք առաջարկողները սպասարկման ոլորտն է, առեւտուրը, տուրիզմը, որտեղ աշխատում են ոչ մասնագետներ, աշխատավարձը ցածր է, ստացած մասնագիտությունը չի  համապատասխանում աշխատանքին։

Ադիբեկյանը նշեց, որ երիտասարդները հաճախ հենց աշխատանք չունենալու պատճառով են արտագաղթում: Սոցիոլոգի խոսքով՝ նրանք, որոնք մրցունակ մասնագիտություն ունեն, կողմնորոշվում են դեպի Արեւմուտք, եթե ծնողները չեն կարողանում ինքնուրույն իրենց կարիքները բավարարել, երիտասարդն աշխատում է մնալ Հայաստանում, իսկ եթե ծնողները կարողանում են իրենց հոգալ՝ երեխան արտագաղթում է։

«Հայ երիտասարդը, գնալով այլ երկիրը, այնտեղ հարմարվելու համար, ամուսնանում է, ձեռք բերում գրանցում, բնակտարածք։ Ազգի կրճատումը գնում է ոչ միայն երեխաների թվաքանակի կրճատման, ամուսնությունների կրճատման, այլեւ այն պատճառով, որ մեր տղամարդիկ ամուսնանում են օտարազգի աղջիկների հետ։ Մեր աղջիկներն էլ շատ ազգասեր չեն, ինտերնետով ծանոթանում են, ամուսնանում եւ գնում են Հայաստանից»,- ասաց Ահարոն Ադիբեկյանը։

Սոցիոլոգն ուշադրությունը հրավիրեց նաեւ աշխատավարձերի խնդրի վրա՝ ասելով, որ այսօրվա նվազագույն աշխատավարձով հնարավոր չէ ընտանիք պահել, պետությունը պետք է լուծի այդ խնդիրը, վերահսկի, թե տվյալ գործատուն տարեկան եկամտի որ մասն է տալիս որպես աշխատավարձ, պետք է նորմավորի այդ չափը։

«Շատ լավ մասնագետ ես՝ անելիք չունես, շատ վատ մասնագետ ես՝ նորից անելիք չունես»,- նկատեց նա։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am