Սիրիայում կատարվող դեպքերի եւ Անկարայի ալավիական թաղամասերից մեկում տեղ գտած բախումների միջեւ զուտ գաղափարաբանական կապ կա։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ՌԳԱ Համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Վիկտոր Նադեին-Ռաեւսկին։
Ըստ նրա՝ Սիրիայում տիպիկ կրոնական պատերազմ է տեղի ունենում: «Սուննիական Թուրքիան պատերազմ է սկսել ալավիական Սիրիայի դեմ: Դա խիստ անմտածված քայլ է, քանի որ Թուրքիայում բազմաթիվ ներքին խնդիրներ գոյություն ունեն: Ընդհանրապես լավ ասացվածք կա. «Չի կարելի քար նետել հարեւանի ապակուն, եթե անձամբ ապակե տանն ես ապրում», - նշել է Վիկտոր Նադեին-Ռայեւսկին: Նա ընդգծել է, որ Թուրքիայում ալավիներին սկսել են ճնշել Սիրիայում պատերազմն սկսվելուց հետո: «Ներկայումս Թուրքիայում ներքին միջկրոնական հակամարտություն է ծագել»,- եզրակացրել է փորձագետը:
Նշենք, որ Անկարայի թաղամասերից մեկում՝ Մամաքում, որտեղ ալավիներ են բնակվում, չեն դադարում բախումները ոստիկանության հետ: Ըստ բողոքի մասնակիցների՝ իրենց համար անհասկանալի է՝ ինչու են իշխանությունները սուննիական մզկիթ կառուցում ջեմեվիի կողքին՝ մի վայրում, որտեղ հիմնականում ալավիներ են։



























