Զբոսաշրջության համաշխարհային օրը՝ սեպտեմբերի 27-ին, Երեւանի Հյուսիսային պողոտայում զբոսաշրջային էքսպո կկազմակերպվի:
Այդ օրը Հյուսիսային պողոտան կդառնա տուրիստական նորությունների կենտրոն։ Էքսպոյին առանձին տաղավարներով կներկայացվեն հանրապետության 10 մարզերը՝ յուրաքանչյուրը ցուցադրելով իր տարածաշրջանի մշակութային առանձնահատկությունները (երգ, պար, պատմամշակութային վայրեր, խոհանոց եւ այլն)։ Ցուցահանդեսին կմասնակցեն նաեւ զբոսաշրջային գործակալություններ, տուրիզմի ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպություններ։ Ցուցահանդեսը կուղեկցվի նաեւ մշակութային միջոցառումներով, որոնք այցելուներին կծանոթացնեն Հայաստանի մշակութային բազմազանությանը, կհաղորդեն տեղեկություններ հանգիստն ու ազատ ժամանցն առավել արդյունավետ կազմակերպելու վերաբերյալ։
Զբոսաշրջության համաշխարհային օրվան նվիրված էքսպոն նպատակ ունի վեր հանել եւ ներկայացնել Հայաստանի զբոսաշրջային ներուժը, ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների միջեւ ամրապնդել գործընկերային կապերը։ Միջոցառման նպատակն է նաեւ բարձրացնել հանրության իրազեկվածությունը զբոսաշրջության եւ դրա սոցիալական, մշակութային, քաղաքական ու տնտեսական արժեքների կարեւորության վերաբերյալ:
Ներգնա տուրիզմով զբաղվող ակտիվ հասարակական կազմակերպությունները եւ տուրիստական գործակալությունները, որոնք ցանկություն կունենան մասնակցելու Հյուսիսային պողոտայում անցկացվելիք տուրիստական էքսպոյին, կարող են մինչեւ սեպտեմբերի 23-ը դիմել Հայաստանի երիտասարդական հիմնադրամ (Տերյան 74), հեռ.՝ 010567922։ Տաղավարները հիմնադրամի կողմից կտրամադրվեն անվճար։





























