Եվրոպական հեռարձակողների միությունը հետաքննություն է սկսել «Եվրատեսիլ-2013» միջազգային մրցույթում Ադրբեջանը ներկայացող երգչուհի Ֆարիդա Մամեդովայի շուրջ ծագած սկանդալը, որը զբաղեցրել էր 2-րդ հորիզոնականը:

Տեղեկատվության համաձայն՝ Եվրոպական հեռարձակողների միությունն, ընդհանուր առմամբ, 4 երկրների կասկածում է ժյուրիի անդամներին կաշառելու մեջ: Ընդ որում, տվյալ կառույցը Ադրբեջանի դեմ ուղղված մեղադրանքներն ամենալուրջն է համարում:

«Մրցույթում Ադրբեջանը ներկայացնող Ֆարիդա Մամեդովայի՝ երկրորդ տեղը զբաղեցնելը մեզ մոտ մեծ կասկածներ է առաջացնում: Չի բացառվում, որ այստեղ կոռուպցիոն գործոն կա: Դրա հետ կապված մենք հետաքննություն ենք սկսել»,-ասել է Եվրոպական հեռարձակողների միության ղեկավար Սիեստե Բեքքերը, հաղորդում է Virtualaz.org-ը՝ վկայակոչելով բրիտանական The Independent թերթը:

Նշենք, որ մի շարք առաջատար արեւմտյան թերթեր հաղորդել են, որ Ադրբեջանն այնպիսի  հսկայական գումարներ է առաջարկել, որը կբավականացներ մեկ տարի անհոգ ապրելու համար:

Շվեդական Skanska Dagbladet թերթում այս շաբաթ մասնակից-երկրների պատվիրակության ներկայացուցիչներից մեկը հայտարարել է, որ իր հետ կապվել են այլ պատվիրակությունների անդամներ եւ ցանկացել են բանավոր համաձայնություն ձեռք բերել՝ «ձայների գնման» վերաբերյալ: Նույն մարդն ասել է, որ այս տարի Ադրբեջանի ներկայացուցիչներն իրեն հսկայական գումարներ են խոստացել ժյուրիի անդամների հետ պայմանավորվելու դիմաց: