Երեւանի տարածքում 29 բաց քարհանք է գործում, լրագրողներին սեպտեմբերի 16 –ին ասել է «Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ-ի նախագահ Կարինե Դանիելյանը: «Սա ռիսկեր է ստեղծում քաղաքի բնապահպանական միջավայրի համար: Քարհանքերի եւ անընդհատ կատարվող շինարարության փոշին աղտոտում է քաղաքի օդը», – ընդգծել է Դանիելյանը:
Նա հավելել է, որ ցերեկային ժամերին ազոտի միացումները, ինչպես նաեւ CO2-ը կարող են թույլատրելի սահմանը գերազանցել 9 անգամ, առավոտյան ժամերին` 2-3: «Ընդհանուր առմամբ, Երեւանը կարելի է դասել բավականաչափ աղտոտված քաղաքների շարքում: Սակայն դա չի նշանակում, որ քաղաքի իշխանությունները ոչինչ չպետք է ձեռնարկեն: Մեզ մոտ կարծես ամեն ինչ հակառակ է. աշխարհի բոլոր քաղաքները մտածում են` ինչպես կրճատեն արտանետումները, իսկ Երեւանը չի էլ մտածում այդ մասին», – եզրակացրել է փորձագետը:





























