Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը չի ցանկանում մեկնաբանել իր հասցեին հնչող մեղադրանքները, ավելին՝ դրանք նրան չեն հետաքրքրում: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Ռոբերտ Ամիրխանյանն ասաց, որ համագումարը հրավիրված է հոկտեմբերի 26-ին, «դա կլինի, եւ ամեն ինչի պատասխանը կտա»:
«Թե ով ինչպես է պահանջում, ինչ ֆալսիֆիկացիաներ են արվում, ցուցակների մեջ ինչ խարդախություններ են անում, ում են խաբում, ստորագրել են տալիս: Ես ձեզ ցուցակ ցույց կտամ, թե ինչպես են նրանք մարդկանց անուններ կրկնելով գրել, շատերին խաբելով ուրիշ մոտիվի տակ են ստորագրել, այնպես որ ես չեմ ուզում մասնակցել այդ կռվին»,- նշեց Ռոբերտ Ամիրխանյանը:
Դիտարկմանը, թե ձեզ մի շարք մեղադրանքներ են ներկայացվում, չեք ցանկանում պատասխանել դրանց, պարզաբանումներ տալ, նա արձագանքեց: «Եթե հանկարծ որեւէ մեկը վեր կենա եւ ասի, որ ես մասնակցել եմ պետական հեղաշրջման մեջ, արդյոք ես պետք է վեր կենամ եւ բացատրեմ, որ նման բան չեմ արել: Դա քեզ շա՞տ է հետաքրքրում, իսկ ինձ չի հետաքրքրում: Երբ կունենանք համագումար, կգաք համագումարին, բոլոր պատասխանները կստանաք, դա կլինի մեկ ամիս հետո»:
Նշենք, որ Կոմպոզիտորների եւ երաժշտագետների միավորման 42 կոմպոզիտորներ՝ միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանին ուղղված դիմում-պահանջ են ներկայացրել, որտեղ պահանջում են արտահերթ համագումար հրավիրել: Նրանք շեշտում են, որ վերջին համագումարը տեղի է ունեցել 4.5 տարի առաջ, այնինչ, ըստ կանոնադրության, համագումարը պետք է 2 տարին մեկ կազմակերպվի: Նրանք համարում են, որ միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը չարաշահել է լիազորությունները, նա 2011 թվականից լեգիտիմությունը կորցրած նախագահ է: Կոմպոզիտորները խնդրում են, որպեսզի համապատասխան մարմինները կոմպոզիտորների միության 2009-2013 թթ. ֆինանսատնտեսական գործունեության ստուգում իրականացնեն: Կամպոզիտորները պահանջում են նաեւ Դիլիջանի տունը անվանակոչել կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի անվամբ:





























