«Ժառանգություն» կուսակցությունը մտադիր է մոտ ժամանակներս մայրաքաղաքում հանրահավաքների շարք անցկացնել: «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ, Երեւանի ավագանու խորհրդի «Բարեւ, Երեւան» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը քաղաքապետարան է ներկայացրել սեպտեմբերի 20-ին, 22-ին, 23-ին, 24-ին, 25-ին, 26-ին, 27-ին, 28-ին, 29-ին եւ 30-ին ժամը 11:00-ից մինչեւ 23:00-ն Ազատության հրապարակում հավաքների անցկացման մասին իրազեկումներ: Ինչպես նշվում է քաղաքապետարանի պաշտոնական կայքում, բոլոր իրազեկումներն ընդունվել են ի գիտություն:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Արմեն Մարտիրոսյանը հաղորդել է, որ չնայած այն համգամանքին, որ իրազեկման մեջ սեպտեմբերի 20-ին կայանալիք միջոցառման անցկացման ժամ նշված է 11:00-ից մինչեւ 23:00-ը, այն տեղի կունենա 18:00-ին՝ կախված հանդես գալ ցանկացողների թվից: «Հավաքը նվիրված է  Հայաստանի անկախության օրվան ու երկրում ստեղծված իրավիճակին: Սա համազգային բողոքի ցույց է , որի կարգախոսը լինելու է «Ազատություն, արդարություն եւ անկախություն»,- պարզաբանել է Մարտիրոսյանը:

Նշենք, որ անցյալում «Ժառանգություն» կուսակցությունը Երեւանի քաղաքապետարան էր ուղարկել բազմաթիվ իրազեկումներ, սակայն ոչ միշտ էին հանրահավաքները տեղի ունենում: